Մերձավոր Արևելք

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի զորքերի կողմից Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տների ռմբակոծության հետևանքով 38 պաղեստինցի է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա թաղամասի թիրախավորման հետևանքով։ Նշվում է, որ 55 մարդ վիրավորվել է, ևս 80-ն անհետ կորել են։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անցումների փակումը և օգնության մուտքի արգելումը բարդացնում են քաղաքացիների առողջական վիճակը, և շուրջ 60 հազար երեխայի կյանք գտնվում է սպառնալիքի տակ։ 

ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Շուջաիյա թաղամասի վրա։

Իսկ Արևմտյան ափում իսրայելական ուժերը ապրիլի 9-ի լուսադեմին ներխուժել են Նաբլուսից արևելք գտնվող Բալաթա փախստականների ճամբար՝ ստիպելով որոշ ընտանիքների հեռանալ այնտեղից:

Տեղեկություններ կան, որ բանակի մեծ ուժեր ներխուժել են ճամբարի մի քանի թաղամասեր, դիպուկահարներ տեղակայել որոշ տների տանիքներին, այնուհետև փակել ճամբարի բոլոր մուտքերը և ներսում պարետային ժամ սահմանել:

Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ՝ իսրայելական բանակը պատրաստվում է Ռաֆահի տարածքը, որը կազմում է Գազայի հատվածի մեկ հինգերորդը, դարձնել «բուֆերային գոտու մի մասը», որտեղ պաղեստինցիներին արգելված է մուտք գործել:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 846 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 729 -ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում