Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանն ու Ռավինդրա Աիրլանգան ընդգծել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ու Ռավինդրա Աիրլանգան ընդգծել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռավինդրա Աիրլանգայի  հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակոբ Արշակյանը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:

Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու կապերն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ եւ շնորհակալություն հայտնել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Ինդոնեզիայի աջակցության համար:

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Ինդոնեզիայի պատվիրակության անդամը կարեւորել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման փաստը` աջակցություն հայտնելով փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության խթանման հեռանկարները:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում