Տեխասում կարմրուկի բռնկումից երկրորդ երեխան է մահացել
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Տեխաս նահանգում կարմրուկի դեպքերը շարունակում են աճել. վարակիչ հիվանդությունն արդեն երկրորդ երեխայի կյանքն է խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ UMC հիվանդանոցի փոխնախագահ Ահարոն Դևիսը BBC-ին հայտնել է, որ 8-ամյա աղջիկը պատվաստված չէր և չուներ ուղեկցող հիվանդություններ։
Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել կարմրուկի հետ կապված բարդություններով։ Սա արդեն կարմրուկի պատճառով երրորդ մահվան դեպքն է նահանգում։ Փետրվարին մահացել էր չպատվաստված 6-ամյա աղջիկ, իսկ մարտին՝ չպատվաստված տղամարդ, որի մահվան պատճառը, սակայն, դեռ հետաքննվում է։
Ապրիլի 4-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Տեխասում գրանցվել է կարմրուկի ավելի քան 480 դեպք՝ շաբաթվա սկզբին արձանագրված 420-ի համեմատ:
Հիվանդությունը տարածվել է նաև հարևան նահանգներում։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում 2025 թվականին արձանագրվել է կարմրուկի 600-ից ավելի դեպք՝ 2024 թվականին գրանցված 285 դեպքից ավելի քան երկու անգամ շատ։
Հիվանդների մեծ մասը պատվաստված չեն։
«Այս դժբախտ իրադարձությունն ընդգծում է պատվաստումների կարևորությունը: Կարմրուկը խիստ վարակիչ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, հատկապես նրանց համար, ովքեր պատվաստված չեն», - ասել է Դևիսը:
ԱՄՆ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերն ապրիլի 6-ին այցելել է Տեխաս: Նա հայտարարել է, որ մասնագետների խումբ է տեղակայել, որոնք կօգնեն բաշխել պատվաստանյութեր, դեղամիջոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ։
«Կարմրուկի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցն է ԿԿԽ (խմբ.՝ համակցված պատվաստանյութ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ) պատվաստանյութը», - հայտարարել է Քենեդին, որը նախկինում հայտնի էր պատվաստանյութերի նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։