Հայաստան

Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն

7 րոպեի ընթերցում

Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն

Ապրիլի 7-18-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը Երևանում կյուրընկալի ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի մասնագիտական պատվիրակությանը։ Այցն անցնում է երկու բուժհաստատության միջև կնքած միջազգային շարունակական համագործակցության համաձայնագրի շրջանակում․ պատվիրակության կազմում են Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը և մանկական վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված բուժքույր Հեդըր Թրիփը։ Այս այցի թիրախում մանկական էպիլեպսիան է և, մասնավորապես, դրա վիրահատական բուժումը։

Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը և մանկական նյարդաբան Սթիվեն Էրիշը՝ Ուիգմորում, 2024 թ․-ի անդրանիկ այցի ժամանակ

«Հայաստանում մանկական էպիլեպսիան առավել հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից է։ Հայաստանում էպիլեպսիա ունեցող մոտ 3000-ից ավելի երեխա կա։ էպիլեպսիան կարող է ազդել սովորելու, սոցիալական հարմարվողականության և կյանքի ընդհանուր որակի վրա․ այդ պատճառով ժամանակին և արդյունավետ բուժումը չափազանց կարևոր է», - պատմում է մանկական նյարդաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանական ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանը։ 

Մանկական նյարդաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե Կույումջյան

Ըստ մասնագետի, բացի գոյություն ունեցող մի շարք ժառանգական տեսակներից, որոնք տարիք-կախյալ են և ավարտվում են համապատասխան տարիքում, միաժամանակ կան նաև դեղակայուն էպիլեպսիայի տեսակներ, որոնք շատ դժվար են բուժման ենթարկվում։

«Ժամանակակից նյարդաբանության մեջ ունենք բուժման և հսկողության բավականաչափ լայն հնարավորություններ․ ի հայտ են եկել նոր դեղամիջոցներ, նաև լայն տարածում է ստանում էպիլեպսիայի վիրահատական բուժումը», - ընդգծում է Ն․ Կույումջյանը։ «ԱՄՆ այցի ժամանակ մեր թիմի փորձն ամրապնդեց Ուիգմորում կիրառվող բազմաթիմային ​​ռազմավարության կարևորությունը․  այսօր հնարավորություն ունենք ներդնելու ծանր, դեղակայուն դեպքերի վիրահատական բուժման նոր մոտեցում և բարձրացնել ընտանիքների իրազեկվածությունը էպիլեպսիայի բուժման նորագույն՝ վիրաբուժական մեթոդների մասին», - նշում է մասնագետը:

Ըստ Ն․Կույումջյանի «Valley Children’s»-ի համագործակցության միջոցով Ուիգմորում  ընդլայնում են ոչ միայն էպիլեպսիայի վիրահատությունների հասանելիությունը, այլև ախտորոշիչ և թերապևտիկ մոտեցումները:

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբույժ, մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու բ․գ․թ․ Էդուարդ Ասատրյան

«Այս համագործակցության կարևոր առաջնահերթություններից է Հայաստանում նյարդաբանության ու նյարդավիրաբուժության ոլորտների զարգացումը, լավագույն մասնագիտական փորձի ներդրումը հայաստանյան մանկաբուժության ոլորտում», - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբույժ, մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։ 

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբույժ, մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը ԱՄՆ-ում գործընկերների հետ վիրահատության ընթացքում

«Էպիլեպսիայի վիրահատական բուժման զարգացման պահանջարկը Հայաստանում պայմանավորված է մի քանի օբյեկտիվ գործոնով․ նախ, Էպիլեպսիայի տարածվածությունը մեր բնակչության մեջ բարձր է և աշխատելու մեծ գործնական դաշտ կա։  Երկրորդը, դեպքերի զգալի մասը դեղակայուն, այսինքն դեղորայքով չկառավարվող էպիլեպսիաներ են, որտեղ հնարավոր է օգնել միայն վիրահատությամբ։ Արդեն մի քանի տարի է՝ մենք համագործակցում ենք արտերկրի լավագույն մասնագետների հետ, ծանոթանում իրենց փորձին և վերապատրաստվում՝ էպիլեպսիայի վիրահատական բուժումը մեր երկրում հասանելի դարձնելու համար։» - նշում է Է․ Ասատրյանը։  

Valley Children’s Healthcare մասնագիտական այցի ընթացքում  

Մասնագետը հավելում է, որ այս այցի ընթացքում պլանավորում են կատարել չորս վիրահատություն։ 

Valley Children’s healthcare հիվանդանոցի մասնագիտական այցը կարևորվում է մանկական վերակենդանացման բարձրակարգ բուժքույր՝ Հ․ Թրիփի մասնակցությամբ։ Վերջինս վերակենդանացման բաժանմունքում նյարդավիրաբուժական բուժառուների հետվիրահատական խնամքի և հսկողության, ինչպես նաև մի շարք այլ կարևոր թեմաներով դասընթացներ է իրականացնելու հիվանդանոցի բուժքույրական անձնակազմի և բժիշկների համար՝ նպաստելով միջազգային ստանդարտներին համապատասխան բուժսպասարկմանը և որակի բարելավմանը։ 

*** 

2024 թ․-ի հունիսին «Valley Children’s Healthcare» հիվանդանոցից Երևան ժամանած անդրանիկ մասնագիտական պատվիրակության այցի ընթացքում  Երևանում կայացավ «Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի խնդիրներ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում «Ուիգմոր»-ի մասնագետներից բացի ելույթ ունեցան «Valley Children’s Healthcare» (ԱՄՆ) հիվանդանոցի նյարդաբանական և նյարդավիրաբուժական ծառայությունների ղեկավարներ Սեզար Սանթոսը և Պատրիսիա Քլերկինը, ինչպես նաև մանկական նյարդաբան Սթիվեն Էրիշը։ Նույն թվականի գարնանը՝ Ուիգմորից ԱՄՆ վերապատրաստման մեկնեց երրոդ մասնագիտական խումբը, որի կազմում էին նաև Էդուարդ Ասատրյանն ու Նունե Կույումջյանը։

«VCH»-ի պատվիրակության առաջին այցի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

«Valley Children’s Healthcare»-ի և «Ուիգմոր» հիվանդանոցի միջև համագործակցությունը հիմնվել է 2023 թվականին երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում: Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և բուժառուների անվտանգության մշակույթի զարգացում, ինչպես նաև՝ համագործակցություն ֆորմալ կրթական ծրագրերի և համատեղ հետազոտական ծրագրերի շուրջ։

Համագործակցության մասին ավելի մանրամասն՝ այստեղ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում