Տնտեսություն

Կառավարությունը ֆինանսապես կաջակցի չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնող ավիաընկերություններին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ֆինանսապես կաջակցի չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնող ավիաընկերություններին

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նոր ծրագիր, որի նպատակն է խթանել դեպի Հայաստան նոր ավիաուղղություններով ուղևորափոխադրումները՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով շահագրգիռ ավիաընկերություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում ներկայացված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծում։

Ըստ ծրագրի՝ այն ավիաընկերությունները, որոնք կիրականացնեն չվերթեր մինչ այժմ չսպասարկված միջազգային ուղղություններից, կստանան ֆինանսական աջակցություն՝ 15.000 դրամ յուրաքանչյուր ուղևորի համար՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայան կատարած չվերթների դեպքում, 20.000 դրամ յուրաքանչյուր ուղևորի համար՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կատարած չվերթների դեպքում։ Ծրագիրը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Վերջին տարիներին օդային ուղևորահոսքը կայուն աճ է գրանցել՝ 2023-ին և 2024-ին կազմելով ավելի քան 10.7 միլիոն ուղևոր։ Սակայն 2024 թվականին արձանագրվել է որոշակի անկում՝ ուղևորահոսքի 1.3 տոկոսով և զբոսաշրջիկների թվի՝ մոտ 5 տոկոսով նվազում։ Կառավարությունն այս իրավիճակը հաղթահարելու նպատակով առաջարկում է խթանել այն ավիաընկերությունների գործունեությունը, որոնք նոր ուղղություններով կապահովեն թռիչքներ դեպի Հայաստանի միջազգային օդանավակայաններ։

Ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ուղևորահոսքի ծավալների աճ օդանավակայաններում, զբոսաշրջության ակտիվացում, չվերթերի աշխարհագրության ընդլայնում, միջազգային ավիաընկերությունների բազավորում ՀՀ օդանավակայաններում։ Ծրագիրը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում