Քաղաքականություն

ՀՀ վարչապետը հնարավոր է համարում Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը ստորագրելը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հնարավոր է համարում Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը ստորագրելը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը ստորագրելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսին։

«Այսօր Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ և ընդլայնված  կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առումով կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք՝ իրականացնել այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը և առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների  միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները և մեր ակնկալիքն առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա»,-շեշտեց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Քրիստեն Միխալին Էստոնիայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնությունը ողջունելու համար։

«Վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը՝ նշելով նաև, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում