Գազայի հատվածում մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից շուրջ 80 մարդ է զոհվել
2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրվա ընթացքում շուրջ 80 մարդ է զոհվել, որոնցից 22-ը՝ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ին պատկանող Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության կլինիկայի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։
Զոհերից 41-ը անկլավում գրանցվել է ապրիլի 3-ի լուսաբացից ի վեր։
Վաղ առավոտից իսրայելցի զինվորները ներխուժել են Արևմտյան ափի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Բեյթունիա և Նաբլուս բնակավայրեր, Ռամալլահի կենտրոնական շրջաններ, ինչպես նաև Սարրա գյուղի և Բեյթ Ֆուրիկ քաղաք, ձերբակալել մարդկանց և ավերել բնակելի տներ։ Միևնույն ժամանակ իսրայելական ուժերը հարձակվել են ալ-Խադեր քաղաքի վրա, և այնտեղ ռազմական դիրք տեղակայել։
Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X հարթակի միջոցով Բեյթ Հանուն և Ջաբալիա քաղաքների մի շարք շրջանների բնակիչներին տարհանման հրաման է տվել՝ նշելով, որ «սա վերջին նախազգուշացումն է» նշված թաղամասերի և տարածքների վրա հարձակումից առաջ:
Մարտի 18-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր անկլավում առնվազն 1066 պաղեստինցի է զոհվել:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից առնվազն 50 423 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 114 638 մարդ:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։