Քաղաքականություն

ԱԺ նախագահը ստացել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ստացել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ 

Ավելի ուշ հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԺ նախագահը :

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը  2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ավելի վաղ հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին։ Նրա որոշումը կապված էր մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իր պահվածքի հետ։ Պատգամավորն այդ օրը աչքի էր ընկել ագրեսիվ պահվածքով, հայտնվել մի քանի միջադեպերի կիզակետում։ Տարածված տեսանյութերից երևում է, որ պատգամավորն այդ օրը գտնվել է ոչ սթափ վիճակում։ 

Վիլեն Գաբրիելյանը նաև ներողություն է խնդրել իր պահվածքի համար:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում