Կսուբսիդավորվի գյուղապահովագրավճարի 70-80 տոկոսը
4 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում մի շարք փոփոխություններն են կատարվում։ Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որի նպատակն ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելն է և տնտեսվարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելը: 2025 թվականի համար գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացվելու է կառավարության միջոցների հաշվին։
«Առավել շատ տնտեսվարողներին ծրագիրը հասանելի դարձնելու համար որոշակի քայլեր են ձեռանարկվում։ Մասնավորապես, եթե մինչև 2025 թվականը սուբսիդավորվում էր ապահովագրավճարի 50-60 տոկոսը, ապա 2025 թվականին կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-80 տոկոսը։ Դրանից բացի, կառավարությունը վերապահովագրության դերակատարումը վերցրեց իր վրա ու եթե վնասաբերությունը գերազանցի 200 և ավելի տոկոսը, ապա գերազանցող մասը ևս սուբսիդավորվելու է կառավարության կողմից։ Սա կնպաստի, որ ապահովագրական ընկերությունների գործունեությունում որոշակի կայունացում լինի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը։
Ոլորտում ապահովագրության ծրագիրը ներդրվել է 2019 թվականին։ Արդեն 2020 թվականին գյուղատնտեսական տարվա համար կատարվել է մշակաբույսերի ապահովագրություն։ Իռա Փանոսյանը նկատեց, որ մեկնարկի ժամանակ ծրագրի շրջանակում առանձնացված էր 2 ռիսկ, 2 մշակաբույս, սակայն այսօր առկա է 4 ռիսկ, 13 մշակաբույս։ Դիտարկելով ծրագրի արդյունքների դինամիկան՝ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ սկզբնական փուլում կնքվել է 1546 պայմանագիր շուրջ 2500 հա գյուղատնտեսական տարածք ապահովագրելու համար, 2023 թվականին կնքվել էր 10 հազար պայմանագիր 11 հազար հա տարածք ապահովագրելու համար։ Այդ նույն տարում գրանցվեց վնասաբերության բարձր մակարդակ։ Հավաքագրվել էր 1,8 մլրդ դրամի ապահովագրավճար և տրամադրվել էր 2,7 մլրդ դրամի ապահովագրական հատուցում։ Այդ ժամանակ եղել է վնասաբերության բարձր մակարդակ։ Պատճառները տարբեր են։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատճառներից մեկը կլիմայական ռիսկերն են։ Եթե նախկինում կարկտահարության, ցրտահարության դեպքերն այսքան մեծ հաճախականություն չէին ապահովում, ապա հիմա տեսնում ենք, որ վերջին տարիներին հաճախակիությունը բավական ավելացել է։ Եթե նախկինում կլիմայական ռիսկ էինք դիտարկում, ապա հիմա կլիմայական աղետ ենք դիտարկում, որովհետև այժմ կարկտահարության, ցրտահարության դեպքերի հաճախակիության հետևանքով կորուստն ավելի մեծ է լինում»,-ասաց Իռա Փանոսյանը։
Հաջորդ խնդիրն այն է, որ տնտեսվարողները դիմել են ապահովագրության համար այն տարածքներում, որոնք դիտարկվել են կարկտահարության ակտիվ գոտիներ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հետ երկար աշխատելուց հետո դուրս են բերվել կարկտի առավել ակտիվ գոտիների ցանկը՝ շուրջ 270 բնակավայր։ Կառավարությունը մեկ այլ գործիքով ռիսկի մեղմման ծրագիր է մշակել մասնավորապես հենց այդ կարկտի առավել ակտիվ գոտիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։ Եթե այգեգործները կցանկանան կարկտապաշտման ցանց ձեռք բերել, ապա կառավարությունը ծախսի մինչև 75 տոկոսը սուբսիդավորում է։ Կառավարությունն աջակցության այլ ծրագրեր ևս իրականացնում է։