«Թատերական շաբաթ»-ին այս տարի ավելի շատ թատրոններ են մասնակցում․ պատասխանատուները հորդորում են ակտիվ լինել
2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագրին այս տարի ավելի շատ թատրոններ են մասնակցում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ նախորդ տարի իրականացված ծրագիրը բավական հաջողություն է ունեցել, 5000-ից ավելի աշակերտ է մասնակցել։ Այս տարի թե Երևանից, թե մարզերից շուրջ 20 թատրոն է մասնակցում և ակնկալվում է ավելի շատ աշակերտների այցելություն։
«Այս տարի «Թատերական շաբաթ»-ը մեկնարկել է մարտի 22-ին տևելու է մինչև 31-ը։ Բավական հետաքրքիր ծրագրեր են նախատեսված։ Մոտեցումն այսպիսինն է։ Թատրոնի դռները բաց են լինում ամբողջ օրվա ընթացքում և դպրոցականները հնարավորություն են ունենում այցելել ու փորձել ներսից բացահայտել թատերական աշխարհը։ Նրանց համար կազմակերպվում է շրջայց, նրանք լինում են հետնաբեմում, տեսնում են, թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ինչպես են հագուստները, տարբեր ատրիբուտները պատրաստվում։ Դրանից բացի, հանդիպումներ են կազմակերպվում դերասանների հետ, հարց ու պատասխանի, երկխոսության միջոցով երեխաներն իրենց հուզող թեմաներն են քննարկում»,-ասաց Դանիել Դանիելյանը։
Թատրոններում նաև ինտերակտիվ միջոցառումներ են կազմակերպվում։ Մասնավորապես, դպրոցականները ոչ թե լինում են ունկնդրի դերում, այլև հենց իրենք են տեղում՝ բեմում, փոքրիկ դերով հանդես գալիս։
«Այցերը լինում են փոքր խմբերով, մեկ դասարանի աշակերտների թվաքանակով։ Նպատակն այն է, որ թատրոն եկած ամեն խմբի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունենա լիարժեք ներգրավվելու ծրագրին։ Մենք շեշտը դնում ենք ուսուցման ու բացահայտման վրա»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
«Թատերական շաբաթ» ծրագրին մասնակցելու համար դասարանները պետք է ԿԳՄՍ կայքում ընտրեն թատրոնը, օրը, զանգահարեն թատրոն ու նախապես գրանցվեն այցելության համար։