Մամուլի սրահ

Քաղաքացիներից գողացված անձնական տվյալներով առցանց վարկ ձևակերպելու դեպքերը ԿԲ-ի ուշադրության կենտրոնում են

5 րոպեի ընթերցում

Քաղաքացիներից գողացված անձնական տվյալներով առցանց վարկ ձևակերպելու դեպքերը ԿԲ-ի ուշադրության կենտրոնում են

Քաղաքացիներից գողացված անձնական տվյալները օգտագործվում են նրանց դեմ ֆինանսական խարդախությունների համար։ Մասնավորապես վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ իրենց անվամբ առցանց վարկ է ձևակերպվել, այնինչ նրանք այդ գործարքի հետ կապ չունեն։ Կենտրոնական բանկն այս բոլոր դեպքերն ուսումնասիրում է և հիմա առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների հետ քննարկումների մեջ է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը նշեց, որ հանցագործները տարբեր ուղղություններով կորզում են մարդկանց անձնական տվյալները։ 

«Ճնշող մեծամասնության պարագայում զեղծարարները սպառողների վստահությունը ստանում են ու վերցնում են նրանց անձնական տվյալները։ Օրինակ՝ տարբեր պատճառաբանությամբ անձանց հղումներ են ուղարկում, նրանք մուտք են գործում, լրացնում են իրենց անձնական տվյալները։ Շատ ժամանակ զեղծարարները ներկայանում են, թե իբր զանգում են ֆինասնական հաստատություններից։ Ասում են՝ ձեր անունով վարկ է ձևակերպվել, որպեսզի այն չեղարկենք, անցեք հղումով ու լրացրեք ձեր անձնական տվյալները։ Ցավոք, դեռ Հայաստանում դեպքեր կան, երբ քաղաքացին հավատում է, որ այլ երկրում իրեն ժառանգություն են թողել ու նա դա ստանալու համար տրամադրում է իր անձնական տվյալները։ Կրիպտոներդրումային առաջարկներով են խաբում ու հասանելիություն ստանում մարդկանց անձնական տվյալներին։ List.am-ով ապրանքների վաճառքի պարագայում ևս անձնական տվյալներ են կորզում ու այսպես  շարունակ»,-ասաց Մարիամ Թովմասյանը։ 

Նրա խոսքով՝ աշխարհը տեխնոլոգիական զարգացում է ապրում ու տարեցտարի ավելանում է օնլայն վարկավորման ծավալը։ Հայաստանում բանկեր կան, որոնց օնլայն վարկավորման ծավալը, սպառողական վարկերի ընդհանուր կառուցվածքում, 50 տոկոսից ավելին է։ 

«Քաղաքացիներից գողացված անձնական տվյալներով օնլայն վարկ ձևակերպելու դեպքերը շատ չնչին են, 0,1 տոկոս էլ չեն կազմում։ Թեկուզ քիչ են, միևնույն է՝ այս քաղաքացիների հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,-ասաց Մարիամ Թովմասյանը։

Կենտրոնական բանկի գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանը նշեց, որ վարկը ձևակերպվում է առցանց թե ոչ, միևնույնն է,   նույն անձնական տվյալներ են անհրաժեշտ լինում։ 

«Քաղաքացիները պետք է հասկանան, որ անձնական տվյալ ասվածը լայն հասկացություն է և շատերը նույնիսկ իրենց բանկային հավելվածների գաղտնաբառերն են փոխանցում։ Այլ կերպ ասած, տալիս են իրենց մուտքի բանալիները և զեղծարարները, ցավոք, օգտվում են դրանից։ Հետևաբար՝ մեր հորդորն է՝ անձնական տվյալերը չտրամադրել կասկածելի աղբյուրներին, անհրաժեշտության դեպքում մի քանի տեղից ճշտել, իսկ բանկային հավելվածի կամ ընդհանրապես որևէ գաղտանաբառ ոչ ոքի չտրամադրել»,-ասաց Արթուր Դավթյանը։   

Տուժած քաղաքացինեը դժգոհում են, որ ՆԳՆ-ից, Քննչական ծառայությունից ստանում են համապատասխան թուղթ, որ իրենք տուժող են, սակայն բանկերը հաշվի չեն առնում։ Առաջարկվում է գործընթացը սառեցնել մինչև դատարանի որոշումը։ Արթուր Դավթյանը նշեց, որ այս հարցը ևս իրենց քննարկումների առանցքում է։ 

Դիտարկմանը, թե խնդիրը ոչ միայն  սպառողների ինտերնետային գրագիտության պակասի հետ է կապված, միգուցե առևտրային  բանկերն էլ այստեղ թերացում ունեն, արձագանքեց Կենտրոնական բանկի գործառնական և ՏՏ ռիսկերի բաժնի վերլուծաբան Վլադիմիր Քառյանը։ 

«Կենտրոնական բանկը ընթացիկ վերահսկողություն է իրականացնում բանկերում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ռիսկերի հետ կապված։ Բանկերի տեղեկատվության անվտանգության պաշտպանությունը բանկերի առաջնահերթություններից է։ Ասեմ, որ վերջին 3 տարվա ընթացքում չի եղել դեպք, որ թիրախավորեն բանկային համակարգերը, գումարներ կամ մարդկանց անձնական տվյալներ գողանան։ Զեղծարարների կողմից օնլայն վարկավորման դեպքերի 99 տոկոսի պարագայում թիրախավորվել են հենց սպառողները»,-ասաց Վլադիմիր Քառյանը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում