Տեսանյութ

Հանրապետության 2 մարզում մարտի 17-ից ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով

4 րոպեի ընթերցում

Հանրապետության 2 մարզում՝ Կոտայքում ու Սյունիքում, մարտի 17-ից ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ սա նոր, հիմնարար փոփոխություն է անապահովության գնահատման համակարգում։ 

«Այս նոր համակարգն իր մեջ ներառում է մի շարք գործիքակազմ, որն օգնելու է առավել արդյունավետ դարձնել մեր աշխատանքը։ Նախ սկսենք դիմումների ընդունումից։ Նշված մարզերում անապահովության համակարգում ընդգրկվելու դիմումներն այսուհետ ընդունվելու են բացառապես առցանց տարբերակով։ Մինչ այս Կոտայքում ու Սյունիքում դիմումներն ընդունվում էին թղթային տարբերակով։ Քաղաքացին ստիպված էր դիմումից զատ հավաքագրել բազմաթիվ թղթեր Միասնական սոցիալական գրասենյակ ներկայացնելու համար։ Այժմ դրա կարիքը չի լինելու, և անձը տանը կամ այլ վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն, կարող է առցանց ներկայացնի դիմումը։ Արդյունքում զգալի կրճատվում է ժամանակն ու թղթաշրջանառությունը»,-ասաց Աննա Ժամակոչյանը։ 

Այս նոր համակարգը բարելավում է և քաղաքացիների, և սոցիալական ծառայություն իրականացնող համակարգի համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ բավական հեշտացվում է քաղաքացիների դիմումների հետ գործ ունեցող անձանց  հետ աշխատանքը, թվայնացվել են ներքին ընթացակարգերն ու համակարգերը։ 

«Այս համակարգի միջոցով 29 տարբեր շտեմարաններ միավորում ենք։ Այս հարթակի առավելությունն այն է, որ նախկինում տվյալների հավաքագրումից հետո նոր միայն հնարավոր էր քաղաքացիների տվյալները ստուգել, որը տևում էր մեկ ամիս։ Այժմ ունենք տվյալների ստուգման երկփուլ տարբերակ, որն օգնում է  ուղիղ շտեմարաններից քաղաքացիների տվյալները ստուգել ու կրճատել ժամանակը»,-ասաց Անահիտ Պարզյանը։ 

Նոր գործիքակազմի ներդրմամբ հնարավոր է շատ մարդիկ դուրս մնան համակարգից։ Այն մտահոգությունները, որ շատերը ոչ անապահով ընտանիքներն են, սակայն ընդգրկված են անապահովության համակագում, կլինեն պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Պարզեցվել ու լավարկվել են այն բանաձևերը, հարցաշարերը, որոնց միջոցով սոցիալական աշխատողն արձանագրում է ընտանիքի կարգավիճակը։ Այնպիսի գործիքակազմ է ներառված, որ ոչ միայն գործընթացի թափանցիկությունն է ապահովվում, այլև սոցիալական աշխատողի գործունեությունը վերահսկելու գործընթացն է արդյունավետ դարձվում։ Պատասխանատուները նշում են, որ համակարգում առկա ընտանիքների 45 տոկոսն անապահով չէ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միանասկան սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը տեղեկացրեց, որ բոլոր սոցիալական աշխատողները պատրաստված են։ Եվ եթե քաղաքացիները դժվարություններ կունենան էլեկտրոնային տարբերակով դիմում ներկայացնելու, ապա պատրաստ են օգնել։ 

«Երկու տարի առաջ կարող էի ասել, որ քաղաքացիները դժվարությամբ են օգտվում օնլայն գործիքակազմից, սակայն այսօր այլ պատկեր է։ Շահառուները ինչ-որ չափով ինտեգրվել են գործընթացին։ Բնականաբար լինելու են դժվարություններ և մենք պատրաստ ենք օգնել։ Եթե տանը չեն կարողանա գործընթացը կազմակերպել, ապա կարող են այցելել կենտրոն, և տեղում համապաստախան պլանշետներով դիմումը ներկայացնելու հարցում մեր աշխատողները կաջակցեն»,-ասաց Անի Չիլինգարյանը։

Այս նոր համակարգով անցնլու են այն քաղաքացիները, որոնք առաջին անգամ են դիմում, կամ նրանց՝ անապահովության համակարգում գտվելու ժամկետն անցել է և կրկին պետք է դիմեն։ 

Ներկայում անապահովության համակարգում ընդգրկված է շուրջ 60 հազար ընտանիք։ Սյունիքում, Կոտայքում սպասվում է, որ շուրջ 8000 դիմում կլինի նոր համակարգով։  Դիմումներն ընդունվում են e-social.am հարթակի միջոցով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում