Մշակույթ

Մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր աճուրդային տների փորձը կներդրվի Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր աճուրդային տների փորձը կներդրվի Հայաստանում

Հայաստանը զարգացնում է մշակութային աճուրդի ոլորտը։ Այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են իրականացվում։ Մասնավորապես, գործադիրի հավանությանը ներկայացվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ապահովել արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և երկրում ընդհանուր միջավայրի կայացումը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Այն կարևորվում է ինչպես արվեստագետների, արվեստի գործեր գնողների, այնպես էլ ընդհանուր պետության համար։ 

«Այսօր մշակութային աճուրդի դաշտը մեր երկրում կայացած չէ, ոլորտում ունենք բազմաթիվ հարցեր։ Նախ մշակութային արժեքների առք ու վաճառքը կանոնակարգված չէ։ Օրինակ, ինչ-որ գնով իր է ձեռք բերվում, բայց պարզ չէ, արդյոք այն իրապես համապատասխանում է իր արժեքին։ Գործընթացը պարզ ու թափանցիկ չէ։ Այժմ նախատեսում ենք ձևավորել անհրաժեշտ բոլոր ինստիտուտները, ընդլայնել փորձաքննության հնարավորություններ, որ գործարքներն ավելի վստահելի լինեն»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։ 

Արդյունքում գնորդը կլինի վստահ, որ իր գնած մշակութային, արվեստի գործը բնօրինակն է, կեղծ չէ։ Դաշտում կլինի նաև նոր ապահովագրական ծառայություն, այն է՝ արվեստի գործերը փորձաքննող մասնագետների աշխատանքի ապահովագրությունը։ Այսինքն, եթե մասնագետը սխալվի, ապա ապահովագրությունն այդ վնասը  կփոխհատուցի։ Սա էլ իր հերթին կազդի փորձաքննողների մասնագիտական որակների վրա։ Դա նշանակում է, որ նրանք պետք է լինեն պրոֆեսիոնալ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող, որ կարողանան ապահովագրությունը ստանալ։   

Այդ աճուրդային գործունեությունը ոչ թե ծավալելու է պետությունը, այլ լիցենզավորված կազմակերպությունը։  Այն ունենալու է մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ աճուրդի կազմակերպում։ 

«Սա շատ կարևոր խթան կլինի մեր շուկայի համար։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին վերականգնվել է պետության կողմից մշակութային արժեքներ ձեռք բերելու գործընթացը։ Մեր երկրում այս նոր ձևավորվող աճուրդային հարթակը հնարավորություն կտա տեսնել, թե շուկայում ինչ կա վաճառքի, որը կարևոր է պետության համար ու ըստ անհրաժեշտ կարիքների առաջ շարժվել»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։

Մշակութային աճուրդի ոլորտի կայացմանն ուղղված աշխատանքները նաև կնպաստեն այլ օղակների զարգացմանը, օրինակ, բրոքերական ինստիտուտները։ Սա շատ լավ հնարավորություն է արվեստագետների համար։ Նման հարթակների միջոցով հնարավոր կլինի արվեստի գործերը հանրահռչակել ու շուկայում գին ձևավորել։  

Այժմ նախարարությունը բանակցություններ է վարում միջազգային հեղինակավոր աճուրդային տների հետ։ Նպատակը հեղինակավոր աճուրդային տներին ներգրավելն է հայաստանյան շուկա։ Նպատակը նախ մեր երկրում միջազգային փորձի կիրառումն է, խորհրդակցական հարցերում աջակցություն ստանալը։ 

«Երբ հաջողվի մեր երկրում կայացնել շուկան, ես կարծում եմ, որ պահանջարկը կձևավորվի հարևան, ինչպես նաև արաբական երկրներից։ Կլինեն բազմաթիվ արվեստասերներ, որոնք Հայաստանում  կկարողանան արվեստի արժեքավոր գործեր գնել ու տանել իրենց երկիր։ Ի դեպ, այդ նոր հարթակում կարող են վաճառվել և՛ Հայաստանի, և՛ այլ երկրների արվեստին ու մշակույթի վերաբերող գործեր»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։  

Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։ Եվ այլ աշխատանքների ավարտից հետո առաջին աճուրդն արդեն սպասվում է 2026 թվականին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում