Մամուլի սրահ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խաղալիքների շուկան կուսումնասիրի նոր գործիքակազմով

3 րոպեի ընթերցում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խաղալիքների շուկան կուսումնասիրի նոր գործիքակազմով

Ընթացիկ տարում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են լինելու մի շարք ուղղություններ, մասնավորապես թիրախավորվելու են ԱԳԼՃԿ-ները, բենզինի, դիզելային վառելիքի, խաղալիքների, օծանելիքի, կոսմետիկական արտադրանքի, ծխախոտի, թանկարժեք մետաղների վաճառքները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը նշեց, որ առանձնացրել են այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ ռիսկերն ավելի շատ են։ 

«Ստուգումներն ու ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պլանային, այնպես էլ ահազանգերի, դիմումների հիման վրա։ Ասեմ, որ քաղաքացիները մեզ դիմում են տարբեր հարցերի հետ կապված։ Հիմնականում խնդիր են բարձրացնում ավտոմեքենաների վառելիքի վաճառքի պարագայում թերլցումների ու խաղալիքի, երեխաներին առնչվող ապրանքների որակի մասին»,-ասաց Արթուր Մկրտչյանը։ 

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս ընթացքում բավական լավարկել են իրենց վերահսկողական գործիքակազմը, ինչը տալիս է ցանկալի արդյունք։ Մասնավորապես, այդ լավարկումները վերաբերում են ստուգումների ձևաչափին, ինչպես նաև տուգանքների վերանայմանը։ 

«Օրինակ՝ ԱԳԼճԿ-ների դեպքում տուգանքի չափը 50․000-100․000 դրամ էր, դա, կարելի է ասել, որ զսպաշապիկ չէր լինում տնտեսվարողի համար։ Ասվում էր՝ տուգանի ու նույն ձևով շարունակվում էր։ Կատարվեցին օրենսդրական փոփոխություններ ու տուգանք սահմանվեց ստուգմանը նախորդած եռամսյակի շրջանառության 1 տոկոսի չափով, գումարած՝ 200 հազար դրամ։ Դրանից բացի, եթե նախկինում 3 օր առաջ զգուշացնում էինք տնտեսվարողին, որ ստուգումներ ենք անցկացնելու, ապա հիմա ընդհանրապես չենք տեղեկացնում, և տնտեսվարողի համար անակնկալ է լինում։ Մենք ուսումնասիրության համար վերցնում ենք նմուշ ու տնտեսվրողը տեղյակ չի լինում»,-ասաց Արթուր Մկրտչյանը։ 

Վերահսկողական գործիքակազմը լավարկելու գործընթացը շարունակվում է․ տեսչական մարմինն ընդլայնում է իր լաբորատորիաների հնարավորությունները։ Առաջիկայում կունենան հավատարմագրված լաբորատորիա խաղալիքների փորձաքննություններ կատարելու համար։

«Խաղալիքների շուկայում ներկայում, երբ մենք ուսումնասիրություն ենք կատարում, ստուգում ենք փաստաթղթերի համապատասխանելիությունը՝ արդյոք ունի համապատասխան գնահատման փաստաթուղթ։ Նոր լաբորատորիայի պարագայում մենք արդեն խաղալիքները կփորձաքննենք որակական հատկանիշներով՝ քիմիական, մեխանիկական»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։ 

Նա ընդգծեց, որ սեփական լաբորատորիայում ուսումնասիրություն կատարելը նախ կօգնի տեսչական մարմնին կրճատել ֆինանսական ծախսերը, մյուս կողմից՝ ժամանակը։ Դրանից բացի, փորձաքննվող ապրանքների ծավալը կմեծանա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում