Տնտեսություն

Հայաստանի դեղագործական ընկերությունները հետաքրքրված են դեպի Թուրքմենստան արտահանման ծավալներն ավելացնելու հեռանկարով

4 րոպեի ընթերցում

Հայաստանի դեղագործական ընկերությունները հետաքրքրված են դեպի Թուրքմենստան արտահանման ծավալներն ավելացնելու հեռանկարով

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հայտարարել է, որ հայաստանյան դեղագործական ընկերությունները հետաքրքրված են դեղագործական արտադրանքի Թուրքմենստան արտահանման ծավալներն ավելացնելու հեռանկարով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնել է Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։ 

Նրա խոսքով՝ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են, որտեղ հնարավորություն է ընձեռնվում քննարկել առկա խնդիրները և ուղենշել համագործակցության նոր հնարավորություններն ու ոլորտները, լավարկել առկա մեխանիզմներն՝ ուղղված երկու երկրների ներուժի բացահայտմանը։ 

«Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ամուր տնտեսական և պատմական հիմքերի վրա»,-նշել է Հովակիմյանը։ 

Նախարարի տեղակալի խոսքով՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նոր փորձություններ և մարտահրավերներ է բերում նաև Հարավային Կովկասում, և այդ առումով Հայաստանն ու Թուրքմենստանը պետք է սերտորեն համագործակցեն, որպեսզի ստեղծված տնտեսական հնարավորությունները հնարավորինս օգտագործվեն՝ ի շահ երկու երկրների տնտեսության։

«Համագործակցության համար նոր ուղղություններ բացելը, տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանում տևական խաղաղության հնարավորությունը մեզ համար բացում են հեռանկարներ, որոնք պետք է առավելագույնս օգտագործվեն մեր երկու պետությունների կողմից»,-ընդգծել է Նարեկ Հովակիմյանը։

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաշրջանառության ներուժն, անշուշտ, շատ ավելի մեծ է, քան այն ներկայում գոյություն ունի, ուստի կողմերը համատեղ ջանքերի միջոցով կարող են խորացնել տնտեսական կապերը։

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Թուրքմենստանի հետ 2024 թվականին կազմել է 22,2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5 տոկոսով։ Իսկ 2025 թվականի հունվարին՝ կազմել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 անգամ»,-ներկայացրել է Հովակիմյանը։

Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է գիտելիքների վրա հիմնված տնտեսության կառուցման ռազմավարություն և այդ նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են գործնական քայլեր։

«Հայաստանը գրավիչ երկիր է ներդրումային և գործարար միջավայրի տեսանկյունից։ Ներդրումների ներգրավումը, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ օրենսդրական դաշտի և միջավայրի ստեղծումը Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են»,-ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Վերջինիս բնորոշմամբ՝ օտարերկրյա ընկերությունները Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ունեն նույն վերաբերմունքի իրավունքը, ինչ տեղի ընկերությունները, և տնտեսության շատ ոլորտներում չկան սահմանափակումներ օտարերկրյա ներդրումների համար։

«Հայաստանյան դեղագործական ընկերությունները բավականին հետաքրքրված են ավելացնել դեղագործական արտադրանքի արտահանումը դեպի Թուրքմենստան։ Այդ համատեքստում առաջարկում ենք երկու երկրների դեղագործական և դեղերի ներկրմամբ զբաղվող ընկերությունների միջև գործարար կապերի ամրացում, խորացում, ոլորտի գործարար համայնքների միջև հանդիպումների կազմակերպում»,-նշել է Հովակիմյանը։

Նախարարի տեղակալը հավելել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը վկայում է երկրների միջև առանձնահատուկ տնտեսական և բարեկամական հարաբերությունների մասին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում