ՏԿԵ նախարարը Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտություն է տեսնում
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակն ամբողջովին չի արտացոլում երկու երկրների ողջ ներուժը և ակնհայտ է, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն կա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ՏԿԵ նախարարը հայտարարել է Երևանում անցկացված Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։
Նախարարն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի նիստի ընթացքում քննարկվող թեմաներից։ Խուդաթյանը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքմենական հարաբերությունների և գործընկերության խորացումը միայն նպաստ կբերի երկու երկրների ժողովուրդներին։
«Գաղտնիք չէ, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակն ամբողջովին չի արտացոլում երկու երկրների ողջ ներուժը։ Ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռ չի հասել ցանկալի մակարդակի և այն ընդլայնելու անհրաժեշտություն կա։ 2024 թվականին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է ընդամենը 1 միլիոն դոլարով՝ կազմելով 22 միլիոն դոլար։ Հուսով ենք, որ այս տարի առևտրաշրջանառության զարգացման տեմպերը և երկկողմ ապրանքաշրջանառության ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր կլինեն»,-նշել է Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը նկատել է, որ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներ կան նաև տրանսպորտի, էներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում։
Նախարարի դիտարկմամբ՝ հաշվի առնելով այդ բոլոր հնարավորությունները՝ միջկառավարական հանձնաժողովի նիստը պետք է հարթակ դառնա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների քննարկման համար։
«Հայաստանն ու Թուրքմենստանն առանձնահատուկ նշանակություն են տալիս տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է Հարավային Կովկասի համար լայնածավալ ենթակառուցվածքային ծրագիր՝ «Խաղաղության խաչմերուկը», որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցային ուղիների ստեղծումը և արդիականացումը»,-ընդգծել է ՏԿԵ նախարարը։
Նա շեշտել է, որ այդ նախագիծը նաև նպատակ ունի բոլոր շահագրգիռ կողմերի միջև ստեղծել բարենպաստ պայմաններ։
«Ակնհայտ է, որ մեր երկրները նաև մեծ ներուժ ունեն գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու համար»,-նշել է Դավիթ Խուդաթյանը՝ վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում նոր խթան կհաղորդվի երկկողմ գործընկերության և համագործակցության ուղիներին։
Նախարարը համոզմունք է հայտնել, որ իրավահավասար և փոխշահավետ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, դրանց երկարաժամկետ և կայուն ոգի հաղորդելը և երկու պետությունների տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը բխում են հայ և թուրքմեն ժողովուրդների հիմնարար շահերից։