Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն չի ապասառեցնի ռուսական ակտիվները
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չի կարող ապասառեցնել Ռուսաստանի ակտիվները, քանի որ դրանցից ստացված եկամուտը երաշխիք է Յոթնյակի խմբի (G7) երկրների ռազմական վարկերի համար, որոնք տրվել են Ուկրաինային։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում։
«Կա շատ գործնական պատճառ, թե ինչու ակտիվները չեն ապասառեցվի: Դրանցից ստացված եկամուտներն այժմ երաշխիքներ են G7-ի վարկերի համար, որոնք տրամադրվում են Ուկրաինային ոչ միայն ԵՄ երկրների, այլ նաև Ճապոնիայի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից: ԵՄ-ն պետք է պաշտպանի այդ երաշխիքները»,- ասել է Կոշտան:
ԵՄ Խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի որոշման համաձայն՝ G7-ի վարկային ծրագիրը, որը բացվել է ԵՄ իրավասության ներքո սառեցված ռուսական ակտիվներից ստացվող եկամուտների համար, կազմում է մինչև 40 միլիարդ եվրո։ Ծրագրի իրականացումը նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ մարումը պետք է ավարտվի մինչև 2040 թվականը։