Մի կտավի հետքերով. ինչպես է ծնվել Մարտիրոս Սարյանի «Զաղալու»-ն
3 րոպեի ընթերցում

Հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի «Զաղալու» կտավը, որը պահպանվում է Հայաստանի պետական պատկերասրահում, շատ կողմերով առնչվում է հեղինակի կյանքի մի դրվագի, տպավորությունների, իսկ գլխավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի պատմության հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ծովակի մշակույթի տան աշխատակից Անդրանիկ Նիկողոսյանը մանրամասնեց, որ Սարյանի վերոնշյալ կտավը ստեղծվել է 1923 թվականին։ Կտավի մասին տեղեկություն ինքը ստացել է ռուսաստանաբնակ համագյուղացի Շահեն Մարտիրոսյանից, ով մշտապես կապի մեջ է եղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ։ Անդրանիկ Նիկողոսյանը կտավի հետքերով այցելելով Հայաստանի պետական պատկերասրահ՝ փորձել է պարզել դրա ստեղծման պատմությունը, ինչն էլ նրան ներկայացրել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզաննա Սարյանը։
«Ինձ շատ հետաքրքրեց, թե երբ է Մարտիրոս Սարյանը եղել մեր գյուղում: Ի դեպ, գյուղը նախորդ դարի 20-ական թվականներին (երբ ստեղծվել է այս կտավը), Ծովակի փոխարեն կրել է Զաղալու անունը։ Ռուզաննա Սարյանի պարզաբանմամբ՝ Մարտիրոս Սարյանն ունեցել է երեք եղբայր՝ Սերոբ, Սահակ, Հովհաննես անուններով։ Սերոբը ցարական բանտ է նստել իր գաղափարական հայացքների պատճառով։ Նա իր պատիժը կրել է Սևանա լճի ավազանում՝ Սոթք գյուղի կալանավայրում։ Եղբորը տեսակցելու նպատակով էլ Մարտիրոսը եկել, անցել է մեր գյուղով, տպավորվել նրա հրաշք բնությամբ, գյուղական տեսարաններով ու հետագայում այն արտացոլել իր հայտնի կտավում:
Այդ ժամանակ Սևանա լճի մակարդակը շատ բարձր է եղել, այնքան, որ տները հիմնականում տարածված են եղել սարի լանջին շատ մոտիկ։ Կտավում պատկերված է մեր գյուղի հարուստ մարդկանցից մեկի՝ Ամրխանի կալվածքը, Սևանա լճի ափը, մարդիկ, գոմեշները, լեռը և նրան հարող գեղատեսիլ ձորը, որը մեր գյուղացի Օրդուխանի անունով կոչվել է Օրդոյի ձոր։
Այսօր Ծովակ դարձած ու կտավում պատկերված հին Զաղալուն շատ է տարածվել, դարձել շատ ավելի շեն ու զարգացած բնակավայր, սակայն Սարյանի այս ստեղծագործությունը մեզ համար եղավ մի անկրկնելի հայտնություն, մի հզոր պատմական ու հոգևոր արժեք, որն ավելի է բարձրացնում մեծանուն հայի՝ Մարտիրոս Սարյանի անունն ու գործը»,-ներկայացրեց Անդրանիկ Նիկողոսյանը։
Ծովակ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ մարդկային կանքը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներից։ Կտավում պատկերված ձորի արևմտյան կողմի բարձունքին պահպանվել են Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակում թվագրվող ամրոցի հետքեր և Ուրարտուի արքա Սարդուր Երկրորդ թագավորի սեպագիր արձանագրությունը՝ ամրոցի հյուսիսային կողմի ժայռեղեն հատվածում։