Տնտեսություն

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի վրացական կողմում Հայաստանից որոշ արտահանողների համար առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանն ասաց. «Արդեն շուրջ 1 ամիս է, ինչ հարևան Վրաստանի տարածքում անհարկի և անհասկանալի քաշքշուկներ են առաջանում հայկական ծագման բեռներով բեռնված մեքենաների, մասնավորապես, ծաղիկ տեղափոխող մեքենաների համար: Լարսի անցակետում վրացի մաքսային ծառայողները բեռնատարները հետ են վերադարձնում, ասում են, որ պետք է դեպի Թբիլիսի տանեն, որտեղ պետք է հավելյալ զննություն անցկացվի»:

Պատգամավորը նշեց, որ նման իրավիճակն անհնարին ու աննպատակահարմար է դարձնում տնտեսավարողների արտահանումները դեպի Ռուսաստան: 

«Խնդրի մասին տնտեսավարողները մեզ տեղեկացրել են: Եվ մենք ակտիվ աշխատում ենք Վրաստանի մեր գործընկերների հետ: Նախնական դիրքորոշումը հետևյալն է՝ օրենսդրությանը համապատասխան աշխատանքներ են իրականացվում»,–ասաց Գևորգ Պապոյանը: 

Նախարարի խոսքով՝ պատգամավորի մատնանշած դեպքերն առանձին դեպքեր են, կապված են առանձին կազմակերպությունների հետ, ընդհանուր դեպքեր չեն: 

«Բայց աշխատում ենք: Կարծում եմ՝ մոտակա օրերին լուծում կունենանք: Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է»,– նշեց Պապոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում