Մերձավոր Արևելք

Գազայում շուրջ 30 զոհ կա Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Գազայում շուրջ 30 զոհ կա Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների վերսկսման ութերորդ օրը 26 մարդ է զոհվել, վիրավորների թիվը գերազանցել է մի քանի տասնյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։  

Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծել Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում գտնվող բնակելի տներն ու վրանները, ինչպես նաև Արևմտյան ափին գտնվող Ռամալլահ և Ալ-Բիրա նահանգում գտնվող քաղաքները։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարձակում է գործել ավելի քան 100 մեքենայի վրա, որոնք ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվում էին ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։

«Մենք կշարունակենք գործել Գազայում զինված խմբավորումների դեմ՝ Իսրայելի քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - նշվել է հայտարարության մեջ։

Իսրայելական բանակը նաև հաստատել է, որ մարտի 24-ին հարված է հասցրել Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) շենքի ուղղությամբ:

Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով հարձակումը և նշելով, որ արկից վնասվել է գրասենյակը, սակայն տուժածներ չկան։ 

ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով օգտագործել Իսրայելի վրա ճնշման բոլոր միջոցները՝ դադարեցնելու սպանությունները, պաշարումը և սովամահությունը։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ին Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 730 պաղեստինցի է զոհվել, ևս 1367-ը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ը հայտնել է, որ մոտ 124 000 մարդ կրկին տեղահանվել է Գազայի հատվածի վրա ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում