ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ՀՆԱ-ի ցուցանիշները 2024 թվականին ավելացել են 4,2%-ով, մինչդեռ Եվրամիությունում աճը կազմել է ընդամենը 0,8%։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ԱՊՀ անդամ երկրների «Մեծ եվրասիական գործընկերության զարգացման նոր ազդակները» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում։
«2024 թվականին ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն ավելացել է 4,2%-ով: ԵՄ-ում, օրինակ, նույն ցուցանիշը, ըստ նախնական գնահատումների, կազմել է ընդամենը 0,8%: ԵԱՏՄ-ի փորձը կարող է նաև լավ օժանդակություն լինել Եվրասիայում բարեկեցության և բարգավաճման տարածության կառուցման համար», - ասել է նա տեսաուղերձում։
«Մասնավորապես, ԵԱՏՄ-ում ոչ սակագնային խոչընդոտների վերացումը՝ ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր պարտադիր պահանջներին անցնելու միջոցով, ինչպես նաև 2015-2023 թվականներին ամեն տարի մաքսային հսկողության վերացումն ապահովել են ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերի կայուն հավելում 14,5 մլրդ ամերիկյան դոլարով: ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրն այդ միջոցների հաշվին միջին հաշվով եղել է 24%-ով բարձր», - շարունակել է փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության տնտեսական կենտրոններից մեկի ներուժի բացահայտման գիծն ամրագրված է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում, որն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով:
Նա հիշեցրել է, որ այդ ռազմավարական փաստաթղթում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հայտարարել են իրենց ձգտման մասին՝ մինչև 2045 թվականը միությունը վերածելու ինքնաբավ, ներդաշնակ զարգացած և բոլոր երկրների համար գրավիչ մակրոտարածաշրջանի, որը կունենա տնտեսական-տեխնոլոգիական և ինտելեկտուալ առաջատարություն և կպահպանի մասնակից երկրների բնակչության բարեկեցության բարձր մակարդակը: