Հութիները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը
2 րոպեի ընթերցում

Եմենում հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը երկու բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին։
Հայտարարության մեջ Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ հավելելով, որ հութի խմբավորումը նաև կշարունակի խոչընդոտել իսրայելական նավերի նավարկությանը, քանի դեռ չի դադարեցվել Գազայի հատվածի պաշարումը և անկլավի նկատմամբ ագրեսիան:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հութիների ռազմական խոսնակը նշել է, որ Կարմիր ծովում 24 ժամվա ընթացքում «Անսար Ալլահ»-ն արդեն երկրորդ անգամ հրթիռներով և անօդաչու սարքերով թիրախավորել է ամերիկյան «Հարի Թրուման» ավիակիրը և մի քանի ռազմածովային նավեր: Նա հայտնել է, որ «Հարի Թրուման» ավիակրի և ամերիկյան ռազմանավերի հետ բախումը տևել է մի քանի ժամ, «և խափանվել է Եմենի դեմ նախապատրաստվող օդային հարձակումը»։
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում և նրա արվարձաններում, ինչպես նաև կենտրոնական Իսրայելի քաղաքներում։ Ըստ հաղորդագրության՝ իսրայելական ուժերը կարողացել են չեզոքացնել Եմենից արձակված հրթիռը, նախքան այն կներթափանցեր Իսրայելի օդային տարածք:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: