Մշակույթ

Թատրոնների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու․ԿԳՄՍ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Թատրոնների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու․ԿԳՄՍ փոխնախարար

Հանրապետությունում գործող պետական ու համայնքային թատրոնների զգալի մասի շենքային պայմանները բարելավելու խնդիր կա։ Խորհրդային տարիներից ժառանգած ու ժամանակի ընթացքում խորացած խնդիրները վերաբերում են ինչպես շենքային պայմանները բարելավելուն, գույքը թարմացնելուն, այնպես էլ տեխնիկական հագեցվածությանը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց՝ տասնամյակներ շարունակ թատրոններում կապիտալ ներդրումներ չեն կատարվել։  

«Այդ խնդիրները ցուցակագրվել են, ու քայլ առ քայլ փորձում ենք լուծել ներդրումների, պետական ֆինանսավորման միջոցով։ Այս տարի, օրինակ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի նստարաններն ամբողջությամբ փոխվելու են, Վանաձորի դրամատիկական թատրոնի շենքն է հիմնանորոգվելու։ Առաջիկայում նախատեսված է Կապանի թատրոնի շենքի հիմնանորոգումը։ Համազգային թատրոնի նոր շենքն այս տարի իր դռները կբացի»,-ասաց Դանիել Դանիելյանը։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ թատրոնների շենքային պայմանները բարելավելուց զատ, շատ կարևոր է խաղացանկերի հարստացումը, նոր մոտեցումներով հանդես գալը։ Պետության կողմից ֆինանսավորվող թատրոնների համար նոր գործիքակազմ է կիրառվում։ Յուրաքանչյուր թատերական կառույց ամեն տարի պարտադիր պետք է նորություն ստեղծի, նոր ներկայացումներով հանդես գա՝ աշխատելով հայ հեղինակի հետ։ Դա կնպաստի հայ դրամատուրգների հետ աշխատանքի ակտիվացմանը։ Դրանից բացի, ֆինանսավորման նոր մոտեցում է կիրառվում։ 

«Այն է՝ տարվա ընթացքում թատրոնների ներկայացումների շնորհիվ ունեցած եկամուտները պետությունը կրկնապատկում է։ Օրինակ, եթե թատրոնը գեներացրել է պայմանական 100 դրամ, ապա հաջորդ տարի պետությունը տրամադրում է 200։ Արդեն մի քանի թատրոն գործում է այս մոդելով՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնը, Տիկնիկային թատրոնը, Կամերային թատրոնը։ Այս հնարավորությունը կա բոլոր թատրոնների համար, սակայն գեներացված գումարները պետք է հասցնեն մի որոշ կետի, ապա նոր այս մոդելով սկսեն աշխատել»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ 

Սա նպաստում է, որ թատրոնները լինեն ավելի ակտիվ, նախաձեռնող, մրցունակ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում