Իրավունք

Շինարարական աղմուկ, ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտություն. ԱԺ-ում քննարկում են մարդու իրավունքների խախտման խնդիրը

4 րոպեի ընթերցում

Շինարարական աղմուկ, ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտություն. ԱԺ-ում քննարկում են մարդու իրավունքների խախտման խնդիրը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը քաղաքացիներից ստանում են բազմաթիվ բողոքներ՝ ժամանցի վայրերից, սննդի օբյեկտներից հնչող բարձր երաժշտության, անգամ հանգստյան օրերին առավոտյան ժամերին շինարարական աղմուկի, ավտոլվացման կետերից աղմուկի և նմանօրինակ այլ խնդիրների առնչությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդիրը քննարկվում է «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներում, որը հրավիրվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:

«Խնդիրն արդիական է, բողոքողները՝ բազմաթիվ՝ ուղղված և մեր հանձնաժողովին, և ՄԻՊ գրասենյակին: Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի տարբեր բնակավայրերում, հատկապես մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի և ժամանցի կետերից, հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտության հետ կապված, աղմուկով ուղեկցվող շինարարարական աշխատանքների, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսևորումների հետ կապված»,-ասաց ԱԺ մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նշեց՝ ձայնը՝ որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է բոլորի օրգանիզմի վրա: «Եվ, եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա: Դժբախտաբար, տարբեր տեղերում երբեմն ձայնը նաև որպես խոշտանգման միջոց է օգտագործվում: Շատ բարձր ձայնը կարող է պարզապես առողջությունը կտրուկ խաթարել»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց մեքենաներից հնչող բարձր երաժշտության, զվարճանքի օբյեկտներից հիմնականում երեկոյան ժամերի հնչող բարձր երաժշտության, ավտոլվացման կետերից բարձր աղմուկի, շինարարության բարձր աղմուկի խնդրի մասին: Պատգամավորը շեշտեց՝ պետք է գերակայի հանրության իրավունքը, ոչ թե անհատի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծեց, որ այդ խնդիրն ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա:

«Աղմուկի գերազանցող մակարդակի պարագայում միանշանակ մարդու մի շարք հիմնարար իրավունքներ են խախտվում»,-ասաց Մանասյանը:

Նրա խոսքով՝ դա թե հանգստի, թե առողջության պահպանման իրավունքի, թե մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է:

ՄԻՊ-ը շեշտեց՝ բազմաթիվ բողոքներ են ստանում հիմնականում հանրային սննդի օբյեկտներից, զվարճանքի կետերից, ռեստորաններից հնչող բարձր երաժշտության, ավտոլվացման կետերում աղմուկի հետ կապված: Բայց բազմաթիվ են նաև շինարարական աղմուկի հետ կապված խնդիրները: ՄԻՊ գրասենյակը դիմում-բողոքներ է ունեցել անգամ հանգստյան օրերին առավոտյան 07:45-ից սկսած շինարարարական աշխատանքներ կատարելու հետ կապված, որը խաթարել է քաղաքացիների անդորրը:

Նա նշեց, որ Հայաստանում այս ոլորտի օրենսդրությունը պետք է ամբողջությամբ վերափոխման ենթարկվի: Խորհրդարանում այս պահին պատգամավորական նախաձեռնություն կա այս առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում