Մշակույթ

Անահիտի աստվածուհու բրոնզե քանդակի երևանյան ցուցադրությունը կերկարաձգվի

3 րոպեի ընթերցում

Անահիտի աստվածուհու բրոնզե քանդակի երևանյան ցուցադրությունը կերկարաձգվի

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում շուրջ վեց ամիս ցուցադրվում են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, երկարաձգվել է։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 10–ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 20-ին հայտնեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

«Այսօր նախատեսված էին ամփոփիչ ելույթներ, բայց շնորհիվ բրիտանական թանգարանի հետ մեր համագործակցության և նրանց վստահության, ևս մեկ անգամ աջակցության՝ ուրախ ենք հայտարարելու, որ ցուցահանդեսը երկարաձգվում է մինչև ապրիլի 10–ը»,-ասաց Պողոսյանը: 

Ի սկզբանե նախատեսվել էր, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը:  Սակայն, թանգարանի տնօրենի խոսքով, հաշվի առնելով այցելուների շրջանում մեծ հետաքրքրությունը՝ երկարաձգման համար բավականին գործընթացներ են իրականացրել: 

Պողոսյանը հույս հայտնեց, որ շատերը, որոնք դեռևս հնարավորություն չեն ունեցել տեսնելու ցուցադրությունը, այս ընթացքում կկարողանան այցելել և տեսնել: Ցուցադրությունը բաց է լինելու նաև Ապրիլի 7–ին՝ Մայրության և գեղեցկության տոնին: «Ցուցահանդեսը շատ խորհրդանշական է այս առումով»,–շեշտեց թանգարանի տնօրենը:

Հայկական դիցարանի պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք ավելի քան մեկ դար ցուցադրվում են Բրիտանական թանգարանում, Հայաստանի պատմության թանգարան բերվեցին նախորդ տարվա սեպտեմբերին։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձի օրը։  

Պատմական Հայաստանի տարածքում գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանի հատվածները՝ բրոնզաձույլ գլուխը և ձեռքը, ցուցադրության գլխավոր նմուշներն են, սակայն ցուցահանդեսի շրջանակում այցելուները  կարող են ծանոթանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեկ տասնյակից ավելի ուշագրավ և հետաքրքիր առարկաների, որոնք նույնպես կրում են մայրության խորհուրդը:  «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում