Մշակույթ

Ֆոն Մեկ և Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երևանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» նախագիծը

3 րոպեի ընթերցում

Ֆոն Մեկ և Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երևանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» նախագիծը

Երևանում մարտի 26-ից 28-ը կկայանա «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» միջազգային մշակութային և կրթական եզակի նախագիծը, որն իրականացվում է «Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն Մեկ» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից՝ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակներից է երկրների, քաղաքների և մշակութային, գեղարվեստական և կրթական հաստատությունների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելը՝ Պ. Ի. Չայկովսկու երաժշտական ժառանգությունը հանրահռչակելու համար և տաղանդավոր երիտասարդներին աջակցելու նպատակով: 

Պյոտր Իլյիչ Չայկովսկու 2025 թվականի մայիսի 7-ին լրացող ծննդյան 185-ամյակը նշանավորող նախագիծը միավորում է 9 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը, Թաիլանդը, Արգենտինան և Մեքսիկան։ Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը կհյուրընկալի միջազգային մշակութային և կրթական նախագիծը։ 

«Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների»-ն առանց վիզայի երաժշտական տարածք է, որտեղ մշակույթները միավորվում են Չայկովսկու հավերժական մեղեդու հնչյունների ներքո՝ անցնելով ժամանակի սահմանները։ Ինչպես նշել է Հիմնադրամի նախագահ, հայտնի ֆոն Մեկ և Չայկովսկի ընտանիքների ժառանգներից մեկը՝ Դենիս ֆոն Մեկը, «այս հոբելյանական տարում մեր նախագիծը նպատակ ունի վերակենդանացնել և հանրահռչակել Պյոտր Իլյիչ Չայկովսկու կյանքի և ստեղծագործության քիչ հայտնի ասպեկտները: Մեր ժամանակներում, երբ ժողովրդական մշակույթն ավելի ու ավելի է հնչում որպես միապաղաղ նվագակցություն, դասական երաժշտությունը վտանգված է և հազիվ լսելի ընդհանուր երաժշտական ֆոնին: Երիտասարդ սերունդը գնալով ավելի է դիմում ներդաշնակության աղբյուրներին, որոնք դարեր շարունակ սնուցել են հոգին: Արդիականության այս կակոֆոնիայում Չայկովսկու եզակի ժառանգությունը կարող է մնալ կիսաձայն: Նախագիծը նպատակ ունի երիտասարդ սերնդին ծանոթացնել Չայկովսկու ժառանգությանը և մշակույթին»։ 

«Ֆոն Մեկ» հիմնադրամը, որը հիմնադրվել է Չայկովսկու ընտանիքի ժառանգ Դենիս ֆոն Մեկի կողմից, նպատակ ունի մարդկանց դարձնել ավելի մաքուր և երջանիկ, իսկ ազգերին՝ ավելի բարեկամական: Մենք հպարտ ենք, որ Չայկովսկու երաժշտությունը միավորում է ժողովուրդներին՝ հաղթահարելով վիզային, լեզվական և մշակութային խոչընդոտները։ Նրա աշխատանքը հիմք դարձավ առանց վիզայի երաժշտական տարածքի ստեղծման, որտեղ մշակույթները հանդիպում և հարստացնում են միմյանց: 

Երևանում նախատեսված են մի քանի դասախոսություններ Չայկովսկու աշխատանքի վերաբերյալ, ստեղծագործական լաբորատորիայում ուսուցիչների և դպրոցի լավագույն աշակերտների համատեղ համերգ, մասնավոր հավաքածուից երկու շրջիկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն «Չայկովսկի» ֆիլմի պաստառները աշխարհի շատ լեզուներով, ինչպես նաև հանճարի դիմանկարով մետաղադրամներ ու մեդալներ՝ աշխարհի 20 երկրներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում