Մշակույթ

Հայաստանի գրողների միությունն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված հանդիսությամբ տոնեց Պոեզիայի միջազգային օրը

6 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միությունն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված հանդիսությամբ տոնեց Պոեզիայի միջազգային օրը

Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ը, Հայաստանի գրողների միության հարկի տակ էր համախմբել պոետների, արձակագիրների, դերասանների, ասմունքողների, որոնք տոնը նվիրեցին մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակին՝ ընթերցելով նրա ստեղծագործությունները, հիշելով անվանի քնարերգուի հետ կապված հուշերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ պոեզիան հազարամյա պատմություն ունի, և մեր ժամանակակից պոեզիան  աշխարհում ներկայանում է արժեքավոր նմուշներով։ Ըստ նրա՝ պոեզիան ելևէջ է, էներգետիկ դաշտ, որտեղ մարդը մուտք է գործում՝ դառնալով դրա մասնիկը։ Թե՛ դասական, թե՛ ժամանակակից պոեզիայի պատրագայում այդպես է։

Edvard Militonyan-MXO_7538.JPG

 «Ավանդույթի համաձայն՝ տոնը նվիրում ենք այն հեղինակներին, որոնց համար տարին հոբելյանական է։ Երեք տարի առաջ նվիրված էր Չարենցին, նախորդ տարի՝ Սևակին, այս տարի՝ Իսահակյանին։ Այս շենքում ենք միջոցառումն անցկացնում, քանի որ շենքի կառուցմանն Իսահակյանը մեծ նպաստ է բերել ու հենց այս շենքում նախագահել է միությունը։ Նա հսկայական դեր է ունեցել մեր գրականության զարգացման գործում։ Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա Ռախմանինովը և այլ կոմպոզիտորներ հարյուրավոր երգեր են ստեղծել, և ամեն օր այդ երգերը ժողովրդի ականջներում են»,-ասաց նա։

Իսահակյանի հոբելյանի առթիվ միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն միջոցառումների ծրագիր է ներկայացրել։ Նախատեսում են նաև Իսահակյանի բանաստեղծությունների ընթերցանություն, երգերին նվիրված երեկո կազմակերպել, Իսահակյանի և Ալեքսանդր Բլոկի գրական կապի մասին պատմել դպրոցներում։

«Բլոկը թարգմանել է Իսահակյանի գործերն ու սիրել դրանք՝ նշելով, որ Եվրոպայում Իսահակյանի պես անմիջական ու անկեղծ բանաստեղծ չկա»,-հիշեց Միլիտոնյանը։

Բանաստեղծ Հենրիկ Էդոյանն առանց պոեզիայի, առհասարակ առանց արվեստի ապրելն անհնար է համարում և ցավում, որ մեր օրերում գրողները ներքուստ վհատված են, քանի որ գրողը մարդկության ուշադրության կենտրոնում չէ։

MXO_6024.jpg

Խոսելով Իսահակյանի մասին՝ Էդոյանը նշեց, որ 15 տարեկանում հանդիպել է գրողի հետ։ «Իսահակյանի 80-ամյակն էր, և մեր խելքին փչեց գնալ նրա տուն։ Երեխայի համարձակություն էր, հիմա նման բան չէի անի։ Դուռը ծեծեցինք, նա բացեց։ Այդ պահին չիմացանք, թե ինչ է պետք անել, մոռացանք, թե ինչ պետք է ասեինք։ Մի պատմություն կա, որ Հայնեն գնում է Գյոթեի մոտ, որին աստվածացնում է, և ճանապարհին մտածում է, թե ինչեր պետք է ասի նրան, բայց, երբ հանդիպում են, ասում է. «Պարոն Գյոթե, ճանապարհին այնքան ճագարներ տեսա»։ Մենք նույն վիճակում էինք, որովհետև Իսահակյանին տեսնելուց հետո ամեն բան մոռացանք։ Իհարկե, նա մեզ ներս հրավիրեց, հարցեր տվեց»,-պատմեց բանաստեղծն ու հավելեց՝ հաճախ է փողոցում տեսել ձեռնափայտով քայլող Իսահակյանին, որի հետևից մարդիկ էին գնում։ 

Բանաստեղծ Հակոբ Մովսեսն ընդգծեց՝ Ավետիք Իսահակյանը զարգացել, կրթվել է եվրոպական միջավայրում և համաեվրոպական մշակույթը բերել է Հայաստան։ «Նա մեր բանաստեղծությունը կապեց ժողովրդական բանահյուսության, մտածողության հետ։ Լինելով մշակույթի մարդ՝ Իսահակյանը բանաստեղծությունը պատկերացնում էր որպես գոյաբանական երևույթ։ Նրա լավագույն բանաստեղծությունները կենցաղին առնչվող ստեղծագործությունների կողքին սովորեցնում են, թե ինչ են գոյությունը, կյանքը, մահը, հուսալքությունը։ Իսահակյանն իր դարաշրջանի մի քանի պոետների հետ՝ Տերյան, Չարենց, Թումանյան, հայ բանաստեղծությունը դարձրեց համաշխարհային բանաստեղծություն»,-ասաց Հակոբ Մովսեսն ու վստահեցրեց՝ Իսահակյանն այն բանաստեղծներից չէ, որոնք իրենց ժամանակի մեջ շրխկում, բոցավառվում ու անցնում են, Իսահակյանն ամեն սերնդի հետ նորոգվող, ամեն սերնդի հետ բացվող այդ սերնդի  ձգտումների հետ նորացվող բանաստեղծ է։  «Ինչպես Թումանյանը, Չարենցը, Տերյանը, այնպես էլ Իսահակյանը ի զորու է այս օրվա վերածնունդն ապրել, ինչը մեծ բանաստեղծի հատկանիշ է»,-եզրափակեց նա։

h_movses.webp

Հանդիսությանը միությանը կից Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանն ու Ռուզաննա Հախնազարյանն ընթերցեցին Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, ելույթներ ունեցան նաև բանաստեղծներ Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումյանը, Զարինե Սարաջյանը, Գագիկ Դավթյանը, Անուշ Վարդանյանը, Լևոն Բլբուլյանը և այլոք։ Միջոցառումը վարեց Գայանե Սամվելյանը։

Պոեզիայի միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մարտի 21-ին: Այս տոնը 1999 թվականի նոյեմբերի 15-ին հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ նշվել է, որ տոնի ստեղծման նպատակն է նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին։ Հայաստանում պոեզիայի միջազգային օրը նշվում է 2010 թվականից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում