Մշակույթ

Թատերական շաբաթը խամաճիկների պետական թատրոնում. շրջայցեր, կրթական ծրագրեր, տիկնիկավարություն, ինտերակտիվ ներկայացումներ

4 րոպեի ընթերցում

Թատերական շաբաթը խամաճիկների պետական թատրոնում. շրջայցեր, կրթական ծրագրեր, տիկնիկավարություն, ինտերակտիվ ներկայացումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցեր է կատարում  նախարարության ենթակայության թատրոններ՝ ծանոթանալու համար «Թատերական շաբաթ» ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի խամաճիկների պետական թատրոնում նախարարի տեղակալը շրջել է տնօրեն Ռուբեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ծանոթացել Թատերական շաբաթվա միջոցառումների ծրագրին:  

Ռուբեն Աբրահամյանի տեղեկացմամբ՝ Թատերական շաբաթվա շրջանակում թատրոնն իր փոքրիկ այցելուներին առաջարկում է երկու  կրթամշակութային ծրագիր՝ «Դպրոցից՝ թատրոն» խորագրով և մասնակցություն ինտերակտիվ ներկայացմանը:

««Դպրոցից՝ թատրոն» ծրագրի շրջանակում երեխաները կծանոթանան ներկայացման ստեղծման ողջ ընթացքին: Կընտրվի որևէ հեքիաթ, երեխաների հետ այն կընթերցենք, այնուհետև նրանց ստեղծագործական երևակայության, առաջարկությունների, հուշումների հիման վրա կբեմադրվի այդ հեքիաթը: Մեզ անչափ հետաքրքիր են երեխաների կարծիքները  տվյալ երևույթների և կերպարների վերաբերյալ․ նրանց պահանջներն ու դիտարկումները տեղ կգտնեն ներկայացման բեմադրական աշխատանքներում: Բեմի հատվածում դերասանները երեխաներին կծանոթացնեն տիկնիկավարության հմտություններին, կսովորեցնեն վարել տարբեր տեսակների խամաճիկ տիկնիկներ,  այնուհետև կշրջեն թատրոնում, լուսաձայնային արտադրամասում, արհեստանոցներում և կտեսնեն, թե ինչպես են պատրաստվում տիկնիկները, դեկորացիաները, կհաղորդակցվեն թատերական նկարչության ու քանդակագործության նրբություններին: Ծրագիրը կարևոր է շարունակականությամբ. հետաքրքիր է, որ իրենց մասնակցությամբ բեմադրված տվյալ ներկայացումը  հետագայում երեխաները կարող են դիտել թատրոնի բեմում՝ ամբողջությամբ բեմադրված»,- ասել է թատրոնի տնօրենը: 

Տնօրենի տեղեկացմամբ՝ մյուս ծրագիրը երեխաների մասնակցությամբ և օգնությամբ ինտերակտիվ ներկայացում է. հեքիաթասացը պատմում է հեքիաթը, իսկ երեխաները հանդես են գալիս որպես դերասաններ և ազատ կերպով ստեղծագործում, ստեղծում իրենց ցանկալի մթնոլորտը:

«Թատերական շաբաթվա շրջանակում կրթական այս ծրագրերն անվճար են, միայն անհրաժեշտ է նախապես զանգահարել Երևանի խամաճիկների պետական թատրոն և գրանցվել: Այս պահին արդեն ունենք հայտեր. մեկ խմբում գրանցում ենք 30 հոգի: Բանակցում ենք մարզերի և սահմանամերձ համայնքների դպրոցների հետ,  երեխաներին հրավիրում մասնակցելու կրթամշակութային ծրագրերին: Նախորդ տարի Թատերական շաբաթվա ընթացքում Խամաճիկների պետական թատրոնի կրթական միջոցառումներին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 200 երեխա»,-  ասել է Ռուբեն Աբրահամյանը և հավելել, որ այս տարի  Թատերական շաբաթը մեկնարկելու և ավարտվելու է «Գեղեցկուհին և հրեշը», «Գտնված երազ» ներկայացումներով: 

Նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանը, հանգամանորեն ծանոթանալով Խամաճիկների պետական թատրոնում ընթացող  տեխնիկական և ստեղծագործական նախապատրաստական աշխատանքներին, գոհունակություն է հայտնել, որ թատրոնը բոլոր առումներով պատրաստ է դիմավորելու փոքրիկ հանդիսատեսին:

«Թատերական շաբաթվան ընդառաջ՝ շրջայցերի արդյունքում արձանագրել եմ, որ թատրոնները և՛ բովանդակային, և՛ տեխնիկական, և՛ կրթական բաղադրիչի ապահովման առումներով առաջարկում են նոր և հետաքրքիր միջոցառումներ՝ մասնակիցներին ներգրավելով ստեղծագործական գործընթացներում»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նշվում է, որ մարտի 22-30-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում