Պորտուգալիայի նախագահն արձակել է խորհրդարանը
2 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ստորագրել է հրամանագիր Հանրապետության ժողովը (միապալատ օրենսդիր մարմին) արձակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Հանրապետության նախագահը…. ստորագրել է հրամանագիր Հանրապետության ժողովի արձակման և մայիսի 18-ին օրենսդիր մարմնի ընտրությունների նշանակման մասին», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Առաջիկա ընտրությունները կլինեն արդեն երրորդը վերջին երեք տարվա ընթացքում։
Խորհրդարանն արձակելու մասին նախագահի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մարտի 11-ին պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած կառավարությանը՝ փետրվարին սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այն ժամանակ տեղական զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել էին տեղեկություններ Spinumviva ընկերության գոյության մասին, որը պատկանում է վարչապետի ընտանիքին։ Ընդ որում, ընկերությունը հիմնադրվել է այն ժամանակ, երբ Մոնտենեգրուն ակտիվորեն չէր մասնակցում քաղաքականությանը։ Ընդդիմությունը սպառնացել էր խորհրդարանական հետաքննություն սկսել ընկերության նկատմամբ՝ պնդելով, որ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն օգուտ են բերել Մոնտենեգրուին՝ որպես վարչապետ։