Ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը կիսվել է առաջին տպավորություններով, խոսել Վրաստանի թիմի հետ հանդիպումից
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի դեմ հանդիպումից դրական ակնկալիքներ ունի:
«Մենք քիչ ժամանակ ունեցանք առաջին խաղին նախապատրաստվելու համար: Տեսնում ենք ֆուտբոլի ընտրանու անդամների նվիրվածությունը հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները պատրաստակամ են անելու այն, ինչ մենք խնդրում ենք: Ինչ վերաբերվում է Վրաստանի դեմ առաջիկա խաղին, ապա փորձելու ենք լուրջ դժվարություններ ստեղծել նրանց համար»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացած հրավերին` Սխիպն ընդգծեց, որ իրեն դուր է եկել այն նախագիծը, որը ստացել է հայկական կողմից և իրեն դուր են գալիս Հայաստանում առկա ֆուտբոլային ենթակառուցվածքները:
«Ես պատրաստ էի նորից անցնել աշխատանքի որպես մարզիչ և ես ուզում էի աշխատել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին անցյալում Հունաստանի հավաքականն ու «Այաքս»-ն էին: Իմ առջև դրված խնդիրներն են` մոտ ապագայում, Վրաստանի դեմ առաջիկա երկու խաղերում դրական արդյունք, իսկ առավել հեռու ապագայի առումով` մեր խնդիրն աշխարհի առաջնության համար Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջող մասնակցությունն է»,-ասաց նա:
Խոսելով Հայաստանից ստացած առաջին տպավորություններից՝ մասնագետն առանձնացրեց. «Ուտելիքն այստեղ հրաշալի է, եղանակը մինչ այսօր` գերազանց, իսկ Երևանն, իսկապես, սիրել եմ»:
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի 20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանի ընտրանուն, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում: