ԱԺ հանձաժողովը հավանություն տվեց ՀՀ–ի և Հոնկոնգի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի վավերացմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ հունիսի 24–ին Երևանում: Համաձայնագրով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:
«Համաձայնագիրն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ բացառել եկամուտների կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Եվ երկրորդը՝ ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ»,–ասաց նախարարը:
Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: Այլ կերպ ասած՝ համաձայնագրով երկու իրավազորությունների միջև իրականացվում է հարկման իրավունքի վերաբաշխում: