Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում Ադրբեջանն արդեն նույն բովանդակությամբ 5-րդ ապատեղեկատվությունն է տարածում: