ԱՍՀ նախարար Մկրտչյանը հանդիպել է Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Փանոսյան-Բուվեի հետ
1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես, աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի մշակման կարևորության, թիրախային ուղղությունների և առաջիկա միջոցառումների մասին։
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության և Ֆրանսիայի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի միջև համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը․ դիտարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։