Կառավարությունը մերժել է «Հայաստան» խմբակցության առաջարկը անշարժ գույքի հարկի փոփոխությունների վերաբերյալ
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվում էր 2025 թվականից հետո անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր սկզբունքը կիրառել միայն 200 միլիոն դրամից բարձր արժեք ունեցող գույքերի նկատմամբ, իսկ մինչև 200 միլիոն դրամ արժեք ունեցող գույքերի համար հարկային բեռը սահմանել ավելի ցածր։
Նախագծի հեղինակները հիմնավորում էին, որ գործող համակարգի արդյունքում արդեն իսկ հարկվում են նաև սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք նախկինում ազատված էին գույքահարկից։
Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդունված գույքահարկի բարեփոխումը փոխարինեց նախկինում կիրառվող կադաստրային արժեքով հարկումը շուկայական արժեքին մոտարկված հարկման համակարգով, ինչը պետք է ապահովի արդար հարկում։
«Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարաններն ու անհատական բնակելի տները կազմում են բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85 տոկոսը։ Այս խմբի գույքային միավորումների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումն էական չէ և կարող է կազմել մինչև 20 հազար դրամ։ 25-ից 200 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11 տոկոս։ Այս խմբի մասով հարկի միջին կշռված աճը կազմում է տարեկան 50 հազար դրամ։ Հատկանշական է այն, որ մինչև 2025 թվականը ներառյալ այդ աճերի 85 տոկոսն արդեն իրականացված է լինելու, հետևաբար նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կունենա հարկային բեռի վրա»,- ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը նշեց, որ անշարժ գույքի հարկը սեփականության հարկ է և պետք է ուղղակիորեն կախված լինի գույքի արժեքից, այլ ոչ թե գույքի տիրոջ սոցիալական կարգավիճակից։ Բացի այդ, նման փոփոխությունը հակասում է վերջին տարիների հարկային բարեփոխումների տրամաբանությանը, որոնց շրջանակում ուղղակի հարկերը նվազել են, իսկ գույքային հարկերը վերանայվել են՝ արդար բեռ բաշխելու համար։
«Հատկանշական է, որ մինչև նոր համակարգի ներդրումը, գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր համախառն ներքին արդյունքի 0,2 տոկոսը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ։ Այստեղ պետք է նշեմ, որ տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 3 տոկոսի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվել։
Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 2026 թվականի անշարժ գույքի հարկի ներուժը 2026 թվականի կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ գնահատվում է շուրջ 0.35 տոկոս։ Ավելացումը լինելու է 0,15 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Նախարարը հավելեց, որ օրենքն արդեն իսկ նախատեսում է սոցիալական խմբերի աջակցություն․ համայնքային իշխանությունները կարող են սահմանել արտոնություններ կամ կատարել վճարումներ սոցիալապես անապահով քաղաքացիների փոխարեն։
Արդյունքում կառավարությունը «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն անընդունելի է համարել և մերժել այն։