Քաղաքականություն

Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցին

3 րոպեի ընթերցում

Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ, չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից,  այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 

Անդրադառնալով ներկայում աշխարհում և համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ դժվար է Եվրասիա մայրցամաքում գտնել այնպիսի պետություն, որը կարող է ասել, որ Ուկրաինայում կամ վերջինիս շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ տվյալ երկրի վրա։

«Ըստ էության, ողջ աշխարհն այսօր կենտրոնացած է մի քանի խնդիրների վրա, և չափազանցություն չի լինի նշել, որ առաջիններից մեկը կամ առաջինը հենց Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերն են կամ դրանց շուրջ տարբեր երկրների դիրքորոշումները»,-նկատեց Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարը նաև կարծիք հայտնեց, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը ևս կարող է մեծապես կախված լինեն դրանից։ 

«Աշխարհում ոչինչ վակուումի մեջ չէ, և տարբեր խնդիրների միջև կապակցվածություն կա։ Սակայն կան նաև հավելյալ ջանքեր և հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում՝ նույնիսկ չկախված Ուկրաինայի շուրջ գործընթացներից»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Նախարարը հերթական անգամ վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է Ադրբեջանի հետ օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և փակել թշնամանքի էջը։ Նա նկատեց, որ այդ պայմանագիրը, բնականաբար, չի կարող լուծել բոլոր հարցերը, այդուհանդերձ, այն կարող է սկիզբ հանդիսանալ ամբողջական գործընթացի դրական ավարտի համար։

Անդրադառնալով տարածաշրջանային մեկ այլ հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԳ նախարար Միրզոյանն այս պարագայում ևս շեշտեց Հայաստանի կառուցողական մոտեցումը։

«Նույն կերպ մենք նաև պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները, ինչի մասին, ընդ որում, ինչպես Հայաստանն, այնպես էլ Թուրքիան պարբերաբար հայտարարել են։ Այնպես որ, այս գործընթացներն ինչ-որ առումով կարող են նույնիսկ առաջ անցնել կամ զուգահեռ ընթանալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններից»,-շեշտեց Արարատ Միրզոյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում