Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կանանց

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր, 

Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է. մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ: 

Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և հետևաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է: 

Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երևույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ և մարտահրավերներ: Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության և աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, և առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու: 

Բայց կանանց ներուժի ներգրավումը՝ որպես մեր պետության զարգացման կարևորագույն գործոն, իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն, և ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում:

Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» և սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության և խորհրդածությունների կենտրոնում:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի և ավելի ու ավելի է դառնում այդպիսին: Սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը հին է և անկենսունակ: Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում և սա քաջալերող է: 

Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները: Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը:

Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով»: 

Հայերեն English Français Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ