Հայաստանը կանաչ քաղաքաշինության զարգացման նոր ծրագիր է սկսում՝ ԱԶԲ-ի և Հարավային Կորեայի աջակցությամբ
5 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն, Ասիական զարգացման բանկը և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ տալով «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագրի մեկնարկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակը Հայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացումն է:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, կարևորելով այս ոլորտում փորձի փոխանակումը, նշեց, որ Կորեայի Հանրապետությունը տրամադրելու է մոտ 300,000 ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանում շինարարության, շենքերի և շինությունների էներգաարդյունավետությունը բարելավելու նպատակով։
«Ծրագրի շրջանակում կատարվելու է Հայաստանի կանաչ քաղաքաշինության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն և արդյունքում կազմվելու է զեկույց, որում սահմանվելու են ոլորտի հետագա բարելավման ու արդիականացման հիմնական ուղենիշները։
Կորեական կողմը ներգրավել է փորձագետների, որոնք ուսումնասիրելու են Հայաստանում կանաչ քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքները, շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության ոլորտում առկա խնդիրները, մատնանշելու են ոլորտի բարելավման հիմնական ուղիները և, կորեական փորձը հաշվի առնելով, ներկայացնելու են գործնական առաջարկներ»,- ասաց Գրիգորյանը:
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ընդգծեց՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի կանաչ շինարարության ոլորտի համապարփակ գնահատում, շենքերի և շինությունների էներգաարդյունավետության ոլորտի ուսումնասիրություն, վերլուծվելու են գործող օրենսդրական, ենթաօրենսդրական և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը, տրամադրելու են խորհրդատվություն ոլորտի արդիականացման նպատակով, կազմակերպվելու են կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարներ Հայաստանում և Հարավային Կորեայում:
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը նշեց՝ ծրագիրը շատ կարևոր է երկու առումով.
«Առաջինն այն է, որ Հայաստանի համար շատ կարևոր է էներգաարդյունավետության բարձրացումը։ Մենք գիտենք, որ շինարարական ոլորտում բավականին շատ են արտանետումները, իսկ ԱԶԲ-ն շատ մեծ կարևորություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը: Երկրորդ կարևոր կետն այն է, որ սա բավականին նոր տիրույթ ու բնագավառ է, և մեզ համար շատ կարևոր է Կորեայի հետ փորձի փոխանակումն ու Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը»,- նշեց Դոն Լամբերտը:
Ասիական զարգացման բանկը հանդես է գալիս որպես կապող օղակ հայկական և կորեական կողմերի միջև։
Փորձագետների խմբի ղեկավար, Սանգմյունգի համալսարանի պրոֆեսոր Սունմյունգ Լին նշեց՝ սա գիտելիքի փոխանցման կարևոր ծրագիր է, որտեղ Հայաստանին կտրամադրվեն ոլորտում Կորեայի մեծ փորձը և հաջողված նախագծերի օրինակները:
«Այս ծրագրի նպատակը ոչ միայն էներգաարդյունավետության ստանդարտների մշակումն ու փոխանցումն է հայկական կողմին, այլ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Հայաստանում շինարարության ոլորտը էներգաարդյունավետության առումով մեծ զարգացում ապրի, և բազմաթիվ կառուցապատողներ ակտիվ գործունեություն ծավալեն երկրում:
Նշեմ, որ Կորեան նման զարգացվածության հասնելուց առաջ, բնականաբար, շատ մեծ ճանապարհ է անցել, և այդ ճանապարհին շատ կարևոր տեղ է տվել արդեն իսկ հաջողություններ գրանցած գործընկերների հետ փորձի փոխանակմանը: Եվ այսօր մեր երկիրը հասել է այն մակարդակին, որ կարողանում է մասնակցել միջազգային մեծ շինարարական նախագծերի իրականացմանը: Այսպիսով՝ Կորեան այսօր նաև իր փորձն արտահանելու հնարավորություն ունի»,- եզրափակեց փորձագետների խմբի ղեկավարը:
Հուշագրի ստորագրմանը հաջորդող սեմինարի ընթացքում ներկայացվեցին ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հիմնական աշխատանքները։