Իրավունք

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են գողություններ ու գողության փորձը

2 րոպեի ընթերցում

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են գողություններ ու գողության փորձը

Տղամարդը փետրվարի 9-ի կեսօրին մոտ զանգով հայտնել է, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնել են խանութ և պարզել, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ 

«Արդեն հաջորդ օրը ստացվեց ևս մեկ ահազանգ: Փետրվարի 10-ի առավոտյան ժամը 5.30-ին ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները հայտնաբերել էին, որ կոտրված է Մամիկոնյանց փողոցում գտնվող խանութի դուռը: Սեփականատերը տվեց հաղորդում, որ այս անգամ կա նաև նյութական վնաս. գողացել էին տարատեսակ ծխախոտներ:

Իրավապահները միայն հետո պիտի ճշտեին, որ այս երկու հանցադեպերը, ինչպես նաև ավելի ուշ գրանցված գողությունը նույն անձի գործն է:

Իսկ հաջորդ ահազանգը փետրվարի 20-ին էր: Գիշերվա ժամը 4-ին բարեխիղճ մի քաղաքացի զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ հենց այդ պահին Կոմիտասի պողոտայում խանութից գողություն է կատարվում:

Արաբկիրի համայնքային ոստիկանները հնարավորինս արագ մեկնեցին դեպքի վայր, սակայն գողն արագ էր գործել: Ավելի ուշ խանութի անվտանգության աշխատակիցը տվեց հաղորդում, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել են էլեկտրական ծխախոտի խանութի մուտքի դուռը և գողացել 1 միլիոն 400 հազար դրամի ծխախոտ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի վայրում կատարվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Արաբկիրի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երկու օր անց:

Փետրվարի 22-ին, առավոտյան ժամը 10-ին մոտ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվեց, գողություններ և գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվեց և Արաբկիրի բաժին տեղափոխվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն՝ նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում