Եվրոպա

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

2 րոպեի ընթերցում

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել նախարարության՝ հայկական միասնական տաղավարով հանդես եկած ոլորտային  կազմակերպությունների կողմից ներկայացված արտադրատեսակներին:

Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 17 կազմակերպություններ, որոնցից 10-ը՝ որպես ցուցադրող, 7-ը՝ որպես այցելու, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը:

Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։

Միջոցառումը բաղկացած է լինելու նաև ոլորտային համաժողովներից, կլոր սեղաններից, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներից, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում