Քաղաքականություն

Դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ուղերձում նշված է. «1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։ 

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է։ 

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։ 

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ` միասին անպայման հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում