Սերը, ներդաշնակությունն ու գեղեցկությունը՝ արվեստի լեզվով. Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Գարնանային սալոն 2025»-ը

7 րոպեի ընթերցում

Ավանդական դարձած «Գարնանային սալոն» ցուցահանդեսը 2025-ին ևս աչքի է ընկնում թեմաների, գույների բազմազանությամբ, ստեղծագործողների աշխատանքներում արտացոլված բարձր տրամադրությամբ ու անկումներով, մարդուն իր առաջ գամող կտավներով, քանդակներով և այլ հետաքրքիր ցուցանմուշներով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպասված ցուցահանդեսը բացվեց գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, իր շուրջ համախմբելով և՛ վաստակավոր, և՛ երիտասարդ արվեստագետների, որոնց մեծ բավականություն էին պատճառում ինչպես իրենց աշխատանքների շուրջ ծավալվող քննարկումները, այնպես էլ գործընկերների աշխատանքների վարպետությունը։ 

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ ձմռանը ևս կազմակերպել են ցուցադրություններ, սակայն «Գարնանային սալոն»-ով ազդարարում են ցուցահանդեսային տարին։ «Ուրախ եմ, որ մեր նկարիչները շատ ակտիվ էին, ինչի արդյունքում 2 հարյուրից ավելի մասնակից կա, և ցուցանմուշները հնարավոր է դիտել «Արա Սարգսյան», «Մարտիրոս Սարյան» ցուցասրահներում։ Մասնակցել են միայն միության անդամները»,-տեղեկացնում է նա և շնորհավորում ներկաներին գարնան գալստյան առթիվ։ 

Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը միշտ նշում է՝ իր համար բարձրագույն արժեք է հայրենիքը։ Նա ցուցադրությանը ներկայացրել է «Հայաստան» կտավը։ Տրամադրությունը բարձր է, չէ՞ որ գարուն է։ «Մարդկային զգացմունքների զարթոնք է, ցուցադրությունից ևս նման տպավորություն ես ստանում։ Երիտասարդ ու տաղանդավոր տղաներ, աղջիկներ կան, որ մասնակցել են ցուցադրությանը, հաճելի է  նրանց նայելը։ Ձմռան մութ ու խավար օրերը, կարծես թե, բացվում են, ու մենք շնորհավորում ենք միմյանց, իսկ հարազատ դեմքեր տեսնելիս՝ ավելի ինքնավստահ ես դառնում։ Այս տարի բավականին շատ եմ աշխատել, արդեն 38 աշխատանք եմ ստեղծել։ Այնքան լավ է, երբ արթնանում ես ու գիտես, որ օրը որպես պարգև տրված է քեզ և այն պետք է համապատասխան ապրել, ստեղծագործել, իսկ նկարիչն առանց դրա չի կարող։ Հենց հանձնվում ես կտավին, երկխոսությունը կայանում է, այնքան սիրուն է, պրպտում ես, գտնում այն երջանկությունը, որ զգում ես աշխատանքի պահին և տեսանելի ես դարձնում զգացածդ, հրաշալի է։ Կուզեի, որ դա վարակիչ լիներ, որ չսպասեին հաջորդ պահին կամ վայրկյանին, այլ ամեն պահն օգտակար օգտագործեին ու երջանկացնեին իրար»,-ասում է նկարիչը։ 

Թադևոսյանն աշխարհի շատ երկրներում է եղել, սակայն անհնար է համարում համեմատել Հայաստանը որևէ այլ երկրի հետ, քանի որ Հայաստանը դրախտավայր է, որտեղ արժե ապրել, ստեղծագործել։ 

Նա չի բացառում, գուցե, ապրիլին իր ծննդյան առթիվ անհատական ցուցահանդեսով հանդես գա։ 

Տեր Նարեկ Սարգսյանը, որը ցուցադրությանը ներկայացրել է «Ծաղկած մասրենի» աշխատանքը, իր գեղանկարները հիացմունքով է ստեղծում։ Նրա համար մեկ արարիչ գոյություն ունի, մեկ արվեստագետ ու ճարտարապետ, որն Աստված է։ «Աստվածաշնչում ասվում է, որ Աստված սեր է, իրականում այդպես է. սերն է, որ արարում է, կառուցում է, ամեն բան պահում է։ Իմ հիացմունքն եմ արտահայտում արարչի ստեղծագործությունների հանդեպ, փորձում եմ մարդկանց հաղորդակից դարձնել արարչի քաղցրանուշ, բարի ստեղծագործությանը, որպեսզի մարդը չկորցնի ներդաշնակությունը, որովհետև մարդու երջանիկ լինելը կապված է ներդաշնակության հետ»,-հավաստիացնում է նա։ 

Ըստ Տեր Նարեկ Սարգսյանի՝ եթե խաղաղ ես, ներդաշնակ ես Աստծո, ինքդ քեզ հետ, համբերությունդ  ծով է, ոչինչ անհրաժեշտ չէ, բացի սրտումդ սեր աճեցնելուց, որը երջանկություն է բերում։ 

Նա կարծում է՝ յուրաքանչյուր ստեղծագործող իր խոսքն է ասում, բայց հավերժ է այն արվեստը, որ հենված է Աստծուն փառաբանելու, բարություն տարածելու վրա։ «Վերածննդի շրջանի բոլոր մեծանուն ստեղծագործողների կտավներում սեր, կատարելություն, կատարելության ձգտում կա։ Երբեմն կտավներում այնպիսի մարդիկ են, որոնց, կարծես թե, կյանքում չենք հանդիպում։ Եթե գնանք 19-րդ դար, կտեսնենք, որ մարդիկ ազատություն էին քարոզում և արվեստում ևս ազատության ձգտեցին՝ իմպրեսիոնիզմի՝ խոսելով իրենց տպավորությունների մասին, էքսպրեսիոնիզմի՝ խոսելով զգացողությունների մասին։ Հավիտյան մնում են բարին, սերը, և երբ մարդը զգում է այդ ամենը, նրա ստեղծածը ևս հավիտյան է դառնում»,-նշում է արվեստագետն ու հիշում Կարավաջոյի, Լեոնարդո դա Վինչիի և այլ մեծերի ստեղծած հավիտենական արժեքները։

Երիտասարդ ստեղծագործող Լուսինե Ավետիսյանը ցուցադրության համար արժանի է համարել դեկորատիվ-կիրառական արվեստի մի հետաքրքիր նմուշ, որ կոչվում է «Վերածնված ձուկ»։ Հիմնականում աշխատում է մարդկանց համար անպետք  դարձած նյութերով և արվեստի միջոցով փորձում այդ իրերին, նյութերին երկրորդ կյանք պարգևել։ Նրա անհատական «Իմ ներաշխարհը» խորագրով ցուցահանդեսին ևս ներկայացրել է նման աշխատանքներ, իսկ միության ցուցահանդեսներին մասնակցում է 2019 թվականից, 2023-ից միության անդամ է։ 

«Մենք՝ արվեստագետներս, մեր արվեստի միջոցով բարձրացնում ենք հարցեր, որոնց մասին երբեմն չի խոսվում, կամ վախենում են խոսել, իսկ  ես իմ աշխատանքներով ասում եմ այն, ինչ բառերով երբեմն անհնար է պատմել։ Իմ հույզերն են, ապրումներն են, հոգեկան վիճակն է արտացոլվում դրանցում։ Զգացողությունները տարբեր ժամանակներում տարբեր են, իսկ այժմ իմ կյանքում մի փուլ է, երբ փորձում եմ արվեստի վերածել այն, ինչն անպետք է թվում»,-եզրափակում է Լուսինեն։ 

«Գարնանային սալոն 2025» ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 7-ը։ Նկարիչների միությունն առաջիկայում էլ հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով։ 

 

 

 

 

Հայերեն