Գիտություն

Հայաստանում գիտությունը կրկին դառնում է գրավիչ և հետաքրքիր ոլորտ. գիտնականի գնահատականը

6 րոպեի ընթերցում

Հայաստանում գիտությունը կրկին դառնում է գրավիչ և հետաքրքիր ոլորտ. գիտնականի գնահատականը

Հայաստանում վերջին տարիներին շեշտակի աճել է գիտության նկատմամբ պետական հոգածությունն ու ուշադրությունը: Իհարկե, երկար ու բարդ ճանապարհ է պետք անցնել հայրենի գիտական մտքի երբեմնի բարձր միջազգային հեղինակությունը լիովին վերականգնելու, դրանով իսկ նաև պետությունը հզորացնելու և ազդեցիկ դարձնելու համար: Այդ նպատակին է միտված նաև ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքը: 

Հայ գիտնականներն իրենք էլ արձանագրում են ոլորտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: «Գիտուժ»-ի նախաձեռնությամբ վերջերս հրավիրված համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ հանգամանքը մատնանշեց պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:  

- Ըստ ձեզ, որքանո՞վ են կարևոր և արդյունավետ նման համաժողովները:

- Կարծում եմ՝ գիտության մասին պետք է խոսել անընդհատ ու ցանկացած առիթով: Այդ առումով, գիտությանն առնչվող հարցերն ու խնդիրները բարձրաձայնելու և հանրայնացնելու բոլոր միջոցառումները շատ կարևոր են: Մանավանդ, որ հասարակությունը որևէ խնդրի անդրադառնում է այն ժամանակ, երբ այդ թեման դառնում է հանրային խոսույթ: 

Ցավոք, Հայաստանում երկար տարիներ գիտությունը մատնվել էր անուշադրության: Ծագող հարցերը գիտնականները քննարկում էին իրենց նեղ շրջանակում՝ հաճախ միայնակ մնալով իրենց խնդիրների հետ, փորձելով ներքին հնարավորություններով կամ միայն իշխանությունների ներգրավվածությամբ լուծել դրանք: Մինչդեռ, հասարակությունը, կարծես, անհաղորդ էր այդ ամենին, տեղյակ չէր, թե մեծ հաշվով ինչով էին զբաղվում գիտնականները, որքանով և ինչու էր կարևոր նրանց աշխատանքը: Այդ փոխադարձ կապի բացակայության պարագայում մարել էր հասարակության հետաքրքրությունը գիտության նկատմամբ, պակասել էր գիտությամբ զբաղվել ցանկացողների թիվը: Այսինքն, գիտական գործունեությունը դարձել էր ոչ պոպուլյար, կորցրել էր գրավչությունը:

Այդ առումով շատ բարձր եմ գնահատում «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքը, որը միտված է գիտության նկատմամբ Հայաստանի հասարակության հետաքրքրության վերականգնմանը: Մեր երկրում գիտությունը կրկին դառնում է ավելի բաց, հանրամատչելի, հանրային, ու մարդիկ սկսում են հասկանալ, թե որքան կարևոր և հետաքրքիր է դա: Դա լավատեսություն է ներշնչում նաև սերնդափոխության ապահովման, գիտության ոլորտում տաղանդավոր, արդի գաղափարներով տոգորված երիտասարդների ներգրավելու և հայկական գիտությունը ժամանակակից չափանիշներին համահունչ զարգացնելու առումով: Կարծում եմ՝ դա է ամենակարևորը, որովհետև պետք է անկեղծ լինել՝ չեմ կարծում, որ մեկ համաժողովի կազմակերպմամբ հնարավոր է լուծել գլոբալ հարցեր: Ի վերջո, նման հարցերը լուծվում են քաղաքական մակարդակում՝ տնտեսական հնարավորություններին համապատասխան:

- Այսինքն, գիտության հանդեպ վերաբերմունքի փոփոխությո՞ւն է նկատվում:

- Ես նկատում եմ: Նաև որոշակիորեն փոխվում են գիտնականի կերպարի մասին պատկերացումները: Նախկինում շատ վատ կարծրատիպ էր ձևավորվել այն մասին, որ գիտնականները, որպես կանոն, տարօրինակ մարդիկ են, ովքեր նույնիսկ ի վիճակի չեն ապահովել սեփական ապրուստը: Այդ պատկերացումը ձևավորվել ու արմատացել էր հատկապես հետխորհրդային առաջին տարիներին: Իսկ հիմա ակնառու է, որ գիտությամբ զբաղվելը կրկին դառնում է գրավիչ, հեղինակավոր: Ճիշտ է, խոսքը վերաբերում է հիմնականում տեխնիկական և բնական գիտություններին, բայց հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կգնահատենք և կհասկանանք նաև հասարակագիտության կարևորությունը: Ի վերջո, մեր հասարակության համար, որը փորձում է հաղթահարել վերջին տարիների արհավիրքների հոգեբանական տրավման, խիստ կարևոր է կատարվածի վերագնահատումը, անկեղծ ինքնավերլուծությունը: Դա նաև կբուժի մեր հասարակությանը, իսկ դրանով զբաղվելն առաջին հերթին հենց հասարակագետների գործն է: Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է պահպանել գիտության ճյուղերի միջև համաչափությունը:

- Վերոնշյալի խորապատկերում այսօր նկատվո՞ւմ է գիտության նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրվածության փոփոխություն:

- Տեխնիկական և ճշգրիտ գիտությունների առումով, այո, նկատվում է: Օրինակ, Երևանի պետական համալսարանի պարագայում դա դրսևորվում է նրանով, որ բազում ընկերություններ հովանավորում են գիտական տարբեր ճյուղեր և հետազոտություններ, նաև առավել հեռանկարային ուսանողներին փորձում են ներգրավել իրենց աշխատանքներում: Հասարակագիտության պարագայում նման մոտեցում առանձնապես չի դրսևորվում, բայց հուսով եմ, որ աշխարհում ձևավորված գլոբալ միտումը մեզ էլ կհասնի: Հիմա նույնիսկ ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունները իրենց աշխատակազմում ընդգրկում են փիլիսոփաների և պատմաբանների, որովհետև հասկանում են, որ իրենց հայտնագործություններն ու նորամուծությունները արժեք չեն ունենա, եթե դրանք չմարդկայնացվեն, դրանցում չդրվի հոգի և իմաստ, նաև բարոյական իմաստ: Այդ առումով կարծում եմ, որ Հայաստանում էլ պետք է փոփոխություն տեղի ունենա, ու մեր ընկերություններն էլ ի վերջո հասկանան, որ շատ կարևոր է իմաստավորել սեփական գործունեությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում