Հայաստան

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Դորա Բակոյանիի հետ

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Դորա Բակոյանիի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում։  

Դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերություններին, ներկայացրել է այս ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։ 

«Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։ Նշվել է, որ խաղաղության պայմանագրի կնքման հիմքում պետք է ընկած լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Դեսպան Մկրտչյանը ահազանգել է Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց դեմ կեղծ դատավարությունների իրականացման փաստի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Բակոյանին ողջունել է Հայաստանի մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նշելով, մասնավորապես, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում առավել կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։ Նա նշել է, որ միջազգային իրավունքի կիրառումը ճգնաժամ է ապրում, սակայն Հունաստանի դիրքորոշումը հստակ է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ 

Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի միջև բարձր մակարդակի շփումների կարևորությանը, կարևորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության ակտիվությունը, և այդ նպատակով դեսպան Մկրտչյանը Բակոյանիին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը զրուցակցի կողմից դրական է ընդունվել։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում