ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս. Եղոյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Եղոյանն այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:
Արման Եղոյանն ընդգծել է, որ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշում է կայացրել։
«Խաղաղության գործիքակազմից Հայաստանի աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս: Որևէ անկայունություն, որը սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից: Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ: Կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դրա կրկնությունը ևս մեկ անգամ»,-ասաց Եղոյանը:
Նա շատ կարևորեց նաև ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում:
«Այս որոշումը կայացվեց ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար նման որոշումների կայացումը, դրանց վերաբերյալ քննարկումը տևում է ամիսներ: Սակայն այս որոշումը կայացվեց շաբաթների ընթացքում»,-ասաց Եղոյանը: