Հայաստան

ՄԻՊ֊ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական հիմնարկ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ֊ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՄԻՊ֊ի գրասենյակից հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։  

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:  

 Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանը, անձը հաստատող փաստաթղթերի ստացմանը, աշխատանքով ապահովմանը, զբաղվածությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

 Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում