Մշակույթ

Տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը. մարտի 5-ից մեծ էկրանին կլինի «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը

8 րոպեի ընթերցում

Տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը. մարտի 5-ից մեծ էկրանին կլինի «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը, որը պատմում է ազգային հերոսի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Կինոնկարի գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է՝ Նոնո Սարգսյանը։ Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց՝ ֆիլմն անվանել են «Վազգեն. վերջին սպարապետը», քանի որ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր, և անվան ընտրությունը որևէ ենթատեքստ չունի։ «Վազգեն Սարգսյանը մահացավ 20-րդ դարի վերջին՝ 21-րդ դար մուտք գործելուց երկու ամիս առաջ, և չտեսավ 21-րդ դարը, որի մասին երազում էր»,-նշեց նա և հավելեց՝ Վազգեն Սարգսյանի մեջ շատ հույս և լույս կար, որն արտացոլվել է կինոնկարում։

Նոնո Սարգսյանը փորձել է նրբորեն շրջանցել Սարգսյանի քաղաքական գործունեությունը։ Կարծում է՝ քաղաքական հարցերն իր հայացքով, իր տեսանկյունից ներկայացնելու իրավունք չունի. ամեն բան սուբյեկտիվ կլիներ։

Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր դերասանի համար դժվար է պատմական կերպար կերտելը կլինի դրական, թե՝ բացասական, իսկ սպարապետի դերի շուրջ ինքը շատ երկար է աշխատել։ Կարծում է՝ իր և Վազգեն Սարգսյանի միջև ընդհանրություններ կան։

«Մեր ընտանիքների բարեկամությունը վաղուց է սկսել։ Միշտ ենք շփվել։ Սա դերասանի համար կյանքի դեր է, և ես փորձել եմ հարյուր տոկոս աշխատել, ուժ, եռանդ, առողջություն դնել այս ֆիլմի մեջ ու չկրկնօրինակել»,-ասաց Լևոնյանը։

Նա միշտ պատրաստ է եղել նման կերպարներ կերտել, նման գաղափարներ փոխանցել և մեծ ափսոսանք հայտնեց, որ չկան հայ հերոսների, լեգենդների, արժանիների մասին պատմող բազմաթիվ ֆիլմեր։

«Արել եմ այն, ինչ կարող էի, գուցե մի բան էլ ավելին։ Սարգսյանի մասին նյութեր դիտելիս, նրան ուսումնասիրելիս անընդհատ խնդիրներ էի տեսնում, միշտ եմ կոնֆլիկտների մեջ եղել, սակայն այդ ընթացքում ամեն բան ավելի սրվեց մարդկանց, դեպքերի հանդեպ, սկսեցի մարդկանց այլ տեսանկյունից նայել, մտածել՝ ինչպե՞ս կարող են, ինչպե՞ս կարողացան, ինչո՞ւ դա տեղի ունեցավ։  Ես մեծ հոգեկան ցավեր եմ ապրել և մեծ դժվարությամբ փորձել եմ հաղթահարել այդ ամենը։ Հասկանում էի Սարգսյանի միտքը, հոգին, էությունը, այն ինչի մասին մեր ֆիլմն է։ Մենք կարծես թե առաջնորդ չենք սիրում, փորձում ենք ապացուցել, որ նրանից ավելի շատ ենք հասկանում, կարող ենք նրա փոխարեն լինել. նույնը կատարվեց իմ պապի հետ, երբեմն՝ ինձ հետ։ Ցավոք, մենք չենք կարողանում համախմբվել մի նպատակի շուրջ, մեզ ամուր ձեռք է պետք»,-հավաստիացրեց Խորեն Լևոնյանը։

Դերասանը կարևորեց նաև  Վազգեն Սարգսյանի հայերենի փայլուն իմացությունը։ Նա դեռ չի լսել որևէ քաղաքական գործչի, որի խոսակցական հայերենն այդքան հայեցի լինի, այդքան մատչելի և հասկանալի, ինչպիսին եղել է Սարգսյանի խոսքը։

Նրա խոսքով՝ այդպես խոսել են հայ մեծերը, որոնցից շատերին Լևոնյանը ճանաչել է պապի՝ Խորեն Աբրահամյանի շնորհիվ։

Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի դերակատարը Մարջան Ավետիսյանն է։ Նա հույս ունի, որ  կարողացել է փոխանցել այն հոգեկան ապրումները, որ ունեցել է կերպարը կերտելիս, փոխանցել Գրետայի մեծ սերն իր ընտանիքի հանդեպ, իր որդու և հայրենիքի հանդեպ։

Սարգսյանի հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլք։ Երաժշտությունը՝ Արմեն Մարտիրոսյանի, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան։

Սցենարի հեղինակներն են Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը, որը նաև բեմադրող ռեժիսորն է։ 

Լևոն Գալստյանը կարծում է՝ միջին և ավագ սերունդը հիշում է Վազգեն Սարգսյանին, երիտասարդները որոշակի պատկերացում ունեն այդ վառ անհատականության մասին, սակայն բոլոր սերունդներին էլ հայտնի չէ Վազգեն Սարգսյանի գրականությունը։ Նա  կարծում է՝ գրականություն սիրող  հասարակության շրջանում էլ Սարգսյանի գործերը առանձնապես հայտնի չեն, ինչի համար ափսոսում է։ Ուրախ է, որ ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու Սարգսյանի գրականության պատառիկներին, որոնք նրա էության մի մասն են և բացում են շատ հետաքրքիր շերտեր նրա աշխարհայացքի, մտածողության, հայրենիքի, կնոջ նկատմամբ վերաբերմունքի մասին։

«Սարգսյանի գրականությունը բազմաշերտ է, իսկ «Ոգու փորձություն» ժողովածուում կա առնվազն վեց, յոթ ստեղծագործություն, որոնք կմնան հայ գրականության էջերում։  Բոլորովին պատահական չէ Հրանտ Մաթևոսյանի հատուկ վերաբերմունքը նրա գրականությանը, և այն խոր ափսոսանքը, որ նա ապրեց նաև ապագա հզոր գրողի կորստի համար»,-շեշտեց Գալստյանը։

Ֆիլմում անդրադարձել են նաև Սարգսյանի կնամեծար լինելուն։ Սցենարիստի համոզմամբ՝ Սարգսյանը բուռն է արտահայտել իր զգացմունքները։ «Ես ո՛չ ականատեսն եմ եղել, ո՛չ էլ լավագույն գիտակներից եմ այդ ասպեկտի, բայց ինձ շատ են օգնել հարազատներն իրենց պատմություններով, և մենք փորձել ենք հյուսել արժանահավատ պատմություններ, որտեղ գեղարվեստական հորինվածքի հատվածները ոչ թե շեղում են իրականությունից, այլ լրացնում են այն օղակները, որոնք բացակայում են գրավոր աղբյուրներում»,-նշեց սցենարիստը։

Ֆիլմի տնօրեն Արմենուհի Ստեփանյանը նախագծին միացել է առաջին իսկ օրերից։ Նպատակն է եղել ֆիլմի շուրջ  համախմբել պրոֆեսիոնալների, և հաշվի են առել նաև մարդկային որակները։ Բախվել են դժվարությունների, ունեցել են ծանր և երջանիկ օրեր ֆիլմի թե՛ նախապատրաստական ընթացքում, թե՛ նկարահանման ժամանակ, թե՛ հետո, սակայն հաղթահարել են և ցանկանում են կինոնկարը հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս։ «Սա պարզապես ֆիլմ չէ, այն բոլորիս սպարապետի մասին է, և դա շատ պարտավորեցնող էր։ Այն մեր պատմության, մեր արժեքների, մեր անցած ճանապարհի մասին է»,-շեշտեց նա։

Կինոնկարը նկարահանել է Genetic Production-ը։ Ընկերության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։

Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել  հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։ Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ են հայրենիքն ու նրա հաղթանակը, նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում