ԵՄ խորհուրդը հաստատել է հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը փետրվարի 24-ին ընդունել է ՌԴ-ի նկատմամբ տնտեսական և անհատական ​​սահմանափակող միջոցների հերթական՝ 16-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների ցուցակները համաձայնեցվել են 48 ֆիզիկական անձանց և 35 կազմակերպությունների համար, որոնք «պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»։

ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցներ է սահմանել նաև «ստվերային նավատորմի» 74 լցանավի դեմ:

Այսպիսով, 153 նավ ենթարկվել է պատժամիջոցների, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ միջոցառումն ուղղված է այն լցանավերի դեմ, որոնք չեն պատկանում ԵՄ երկրներին։

«Այդ նավերը մտնում են ՌԴ «ստվերային նավատորմի» մեջ, թույլ են տալիս շրջանցել նավթի գների սահմանափակումները և աջակցում են ՌԴ-ի էներգետիկ ոլորտին», - ասվում է հայտարարության մեջ:

Պատժամիջոցների են ենթարկվել նաև այն նավերը, որոնք, ըստ ԵՄ-ի, «օգտագործվում են ՌԴ-ի համար զենք կամ Ուկրաինայում աճեցվող գողացված հացահատիկ փոխադրելու համար»։

ԵՄ խորհուրդը նաև արգելք է դրել 13 բանկերի ֆինանսական հատուկ հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների վրա: 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվել են այն «բանկերի նկատմամբ, որոնք օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու համար»:

Հայերեն Русский