Կոնվերս Բանկի ու «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր
3 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու « Կոնվերս Բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է Կոնվերս Բանկի հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «AWE Consulting» ընկերության ֆինանսական տնօրեն, միջազգային նախագծերի ղեկավար Լուկա Ուսենաշվիլին նշեց՝ «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի թիմը ամբողջությամբ զբաղվում է այս նախագծերով, և սա իրականացվում է Հայաստանում բոլոր ուսանողներին և մարքեթինգի մասնագետներին օգնելու համար, որպեսզի նրանք նոր բարձունքների հասնեն:

«Այս նախաձեռնության շնորհիվ Կոնվերս Բանկի և մյուս ընկերությունների մարքեթինգային հաջողված պատմությունները, որոնք ներառված են այս աշխատությունում, հասանելի կլինեն բոլորին: Կոնվերս բանկը, ինչպես մեր մյուս գործընկերները, մասնակցում է նախագծին իր հետաքրքիր մարքեթինգային պատմությամբ և եզակի հաջողություններով, որոնք նպաստել են ընկերության աճին: Ինչպես նաև շատ կարևոր է այն փաստը, որ մենք այս հուշագիրը կնքում ենք հենց Գիրք նվիրելու օրը։ Ես կարծում եմ, որ սա իդեալական օր է, քանի որ գիրքն առաջին հերթին գիտելիք է»,- ասաց Ուսենաշվիլին:
Կոնվերս բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կրոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցն էլ նշեց՝ շատ ուրախ են հայկական հաջողված ընկերությունների պատմությունների կողքին ներկայացնել նաև Կոնվերս Բանկի պատմությունը:

«Ներկայացվելու են Բանկի վերջին երեք տարիներին անցած ճանապարհը և թվային փոխակերպման արդյունքները։ Կոնվերս Բանկը ստեղծել է C360 թվային հարթակը՝ մեր մոբայլ հավելվածի ներքո։ Ուրախ կլինենք գրքի ապագա ընթերցողների հետ կիսվել մեր թիմի անցած մեծ ճանապարհներով»,- նշեց Սերգեյ Ուսնունցը:
«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է, որն ընթանում է աշխարհի 50-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնելու տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերենով և անգլերենով:
