Մշակույթ

Շնորհանդեսներ, տիկնիկային ներկայացումներ, ցուցահանդեսներ. Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

4 րոպեի ընթերցում

Շնորհանդեսներ, տիկնիկային ներկայացումներ, ցուցահանդեսներ. Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։

Տոնը լավագույն առիթ է դառնում ծանոթանալու վերջին տարիներին հրատարակված հայ և օտար հեղինակների ստեղծագործություններին, հանդիպել ծանոթ և անծանոթ գրողների, զրուցել նրանց հետ, հնչեցնել հետաքրքրող հարցերը, զեղչերով գրքեր գնել ու նվիրել սիրելիներին: Գրքի տոնին միացել են գրադարանները, թանգարանները, հրատարակչություններն ու այլ կազմակերպություններ, որոնք ներկայանալու են բազմաբովանդակ նախաձեռնություններով:

«Արմենպրես»-ն ընթերցողներին է ներկայացնում այդ միջոցառումներից մի քանիսը:

Շուրջ քսան տարի է Հայաստանի գրողների միությունը Թումանյանի ծննդյան օրը հայտարարել է գիրք նվիրելու օր։  Փետրվարի 19-ին ժամը 13։00-ին ՀԳՄ պոեզիայի պուրակում տեղի կունենա հանդես՝ նվիրված տոնական օրվան: Գրողները կհանդիպեն Երևանի թիվ 48 դպրոցի աշակերտների հետ: 

գլխ.jpg

Հայաստանի ազգային գրադարանը հեղինակ-հրատարակիչ-գիրք-գրադարան-ընթերցող շղթայի գործակիցներին սիրով հրավիրում է փետրվարի 19-ին ժամը 11։30-ին մասնակցել տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում 15 մարզային և համայնքային գրադարան ՀՀ նախագահի անունից վերջին տարիներին լույս տեսած բարձր պահանջարկ ունեցող գեղարվեստական և մանկական գրքեր նվեր կստանան։ 

480462236_1007749681405090_3189043848359755129_n.jpg

Ցերեկույթի գեղարվեստական մասում ելույթ կունենան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» ծրագրի տաղանդաշատ սաները։ Այդ օրը գրադարանը ոչ միայն նվերներ կընդունի, այլև գրքեր կնվիրի։ Տերյան փողոցի մուտքի մոտ գրքանիվի թևերին դրված գրքերը սպասելու են ընթերցողներին։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-21-ը կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին գրադարանում Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների գրքային ցուցահանդեսով։ Միջոցառումներ կիրականացվեն ինչպես գրադարանում, այնպես էլ գրադարանից դուրս:

480446268_967027702195191_734239399896347986_n.jpg

Գրքասերներին սպասվում են տիկնիկային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ, տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում, նրանց համար ճանաչողական էքսկուրսիա Հայաստանի պատմության թանգարանում, նկարչական ցուցահանդես, գիրք-նվերներ նորածիններին և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։ Միջոցառումներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տոնի առթիվ ժամը 14։00-ին տեղի կունենա  նոր հրատարակված «Բանաստեղծուհու ներաշխարհը» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված  է Կապուտիկյանի գրական ժառանգությանը։ «Գիրք` լավագույններին» նախաձեռնության շրջանակում էլ տուն-թանգարանի հետ սերտորեն համագործակցող դպրոցների լավագույն աշակերտները կներկայացնեն Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից հատվածներ և կպարգևատրվեն գրքերով։

480194544_17856434928377750_7152546961853027642_n.jpg

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը տոնը կնշի թանգարանի ֆոնդերից առանձնացված գրքային այն ընծայագրերի ցուցադրությամբ, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր բովանդակությամբ, ձևավորումներով, նուրբ շեշտադրումներով, տարբերվող ձեռագրերով և ոճով։ Այս ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու, թե ինչ գրքեր էին միմյանց նվիրում հայ, արևմտահայ, ինչպես նաև այլազգի նշանավոր մտավորականները և ինչպես էին նվիրում, որ գիրք նվիրելն իսկապես դառնա հիացմունքի, երախտագիտության արտահայտման հիշարժան ձև և լավագույնս ներկայացնի անձնական, մտերմիկ, ընկերական ջերմ հարաբերությունները։ Ընծայագրերի ցուցադրությունը կգործի մինչև մարտի 7-ը։

480561827_1141732197962847_150296659407479599_n.jpg

«Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցներն էլ, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, միմյանց գրադարանները կհարստացնեն նոր գրքերով:

Գիրք նվիրելու տոնն արմատավորվել է Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում