Ճգնաժամերի հաղթահարման հնարավորությունները՝ հայ մեծանունների օրինակով. Shtigen Group-ը հրատարակել է «Դեպի աղբյուրը լույսի» բացառիկ ժողովածուն
10 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին հայ ժողովրդի ծանր փորձությունները Shtigen Group-ին էլ կանգնեցրել են բոլոր ժամանակներին բնորոշ հարցի առջև՝ ինչպե՞ս դուրս գալ փակուղի թվացող իրավիճակից։ Ելքի բանալին գտնելու փնտրտուքը «տարել է հայ մեծանունների մոտ»։ Հավատարիմ մնալով կորպորատիվ ազգային պատասխանատվության սկզբունքին և համոզմունքին, որ լուսավորությունը պետք է լինի ցանկացած նախաձեռնության հիմքում՝ Shtigen Group-ը ձեռնամուխ է եղել «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուի ստեղծմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 124 էջից բաղկացած գիրքը ստեղծելիս՝ ամիսներ շարունակ մանրակրկիտ ուսումնասիրվել, բծախնդրորեն ընտրվել են հեղինակները, նրանց ստեղծագործությունները, նամակներն ու հարցազրույցներից այն հատվածները, որտեղ ցույց են տալիս տվյալ ժամանակաշրջանին բաժին հասած դժվարություններն ու ելքի ճանապարհները։
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ իրենք կարևորում են ազգային մտածողությունը, ազգային մտածողության շրջանակում բիզնես գործունեությունը։ «Հաճախ դա տարակուսանք է առաջացնում, սակայն մենք մեր գործունեությամբ ապացուցում ենք, որ, ազգային մտածողություն ունենալով, այս կամ այն իրավիճակներում հնարավոր է ստեղծել բարձրագույն արժեք քո շրջապատում, միջավայրում, գործընկերներիդ հետ։ Դա մեր առօրյան է, մեր ամենօրյա աշխատանքն է, մեր կոորդինատային տիրույթն այդպիսին է, ուստի օրինաչափ է, որ ծագել է գիրք հրատարակելու գաղափարը»,-նշում է նա։
Շեկյանը շեշտում է՝ ժամանակաշրջանները, որոնց մասին խոսում են հայ մեծերը՝ Մովսես Խորենացուց սկսած, տարբեր են, բնականաբար իրավիճակները հայելային կիրառելի չեն։ «Գիրքը թերթելիս ոչ թե պատասխաններ գտա, այլ նոր մտքեր առաջացան։ Ժողովածուն ոչ թե տեղեկատու է, որից կարող ես գտնել, թե ա կամ բ տառի տակ ինչ կա, այլ կարող ես երկխոսել մեծերի հետ, նոր իրավիճակներ պատկերացնել, նոր հնարավորություններ տեսնել, հասկանալ, թե ինչն է խանգարում լուծել պերմանենտ թվացող ճգնաժամային վիճակները»,-հավաստիացնում է ընկերության հիմնադիր տնօրենը։
Shtigen Group-ը՝ որպես բիզնես ներկայացուցիչ, պատրաստում է կորպորատիվ նվերներ գործընկերների համար և առանցքային է համարում յուրաքանչյուր նվերի գաղափարական հիմքը։ Հենց այդ գաղափարական հիմքի փնտրտուքն է ընկերությանը տարել գրքի հրատարակման դուռը։
«Գաղափարի սկզբնակետը Ամանորի կորպորատիվ նվերների տարբերակների շուրջ քննարկումներն էին: Ցանկանում էինք ստեղծել մի բան, որը ոչ թե մեկանգամյա օգտագործման կլինի, ինչպես, օրինակ, շոկոլադը, այլ մտածելու տեղիք կտա և հետագիծ կթողնի։ Հենց այդ մտորումները մեզ հանգեցրին գրքի գաղափարին: Որոշեցինք ստեղծել մի ժողովածու, որում ամփոփված կլինեն հայ գրողների՝ ելքի ճանապարհ մատնանշող խոհերը՝ չվախենալով մատը դնել մեր վերքերի վրա, բայց և ցույց տալ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը»,-պատմում է Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը՝ ավելացնելով, որ գրքի և իրենց ընկերության ոլորտին համապատասխան՝ 2025-ը ցանկանում են տեսնել լուսավորության տարի։
Հարությունյանն արժևորում է գրքում ընդգրկված բոլոր մեծանունների խոսքերն ու ստեղծագործությունները, սակայն յուրահատուկ է համարում Րաֆֆու՝ 1877 թվականին գրված նամակը, որ կոչվում է «Նամակ Ագուլիսից»։ «Այդ նամակում գրողը կարևորում է հասարակության մեջ մոր, կնոջ դերը, նշում, որ խավարի մեջ մնացած կանայք չեն կարող լույսի ծնունդ տալ, ուստի պետք է ունենալ ուսյալ կանայք, մայրեր, որոնք կկարողանան գիտակից սերունդ դաստիարակել»,-նշում է նա։
«Դեպի աղբյուրը լույսի» գիրքը կազմել է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Գրքի առաջաբանում նա պատասխանում է այն հարցերին, թե ինչ սկզբունքով է կազմել ժողովածուն և ինչու է ընտրել տվյալ հեղինակներին ու տվյալ տեքստերը, սակայն մեզ հետ զրույցում ևս որոշ պարզաբանումներ տալիս է։
Գրքում պոեզիա գրեթե չեն ներառել, այլ ներկայացրել են, թե ինչպիսին է եղել գրողների առօրյայում իրական հոգսը, արդյոք նամակներում, հրապարակախոսական հոդվածներում, օրագրերում խոսե՞լ են այդ մասին, թե՞ ոչ։
Նիկողոսյանի խոսքով՝ տարբեր ժամանակներում տարբեր մեծեր պոեզիայով և գրականությամբ հռչակվել են որպես ելքեր առաջարկողներ, մտահոգ մարդիկ, բայց, երբ նրանց ներքին կենսագրության տարածության մեջ ես նայում, պարզվում է՝ անտարբեր են եղել. կան նաև հակառակ օրինակներ։ «Գիրքն արդիական է նրանով, որ ճգնաժամը հաղթահարելու ելքերից շատերը կապված են նաև մեր ժամանակների մարտահրավերների հետ, սակայն ես չէի ցանկանա միայն այդ աչքով նայել, որովհետև գրքում տրված են հենց իրենց ժամանակի համար էական խնդիրների հաղթահարման ուղիներ։ Այսօր հարցեր կան, որ թվում է՝ մեզ համար այնքան էլ օրախնդիր չեն, օրինակ՝ հայոց լեզվի պահպանման հարցը, որովհետև պետական լեզու է, ունենք պետություն, այնինչ պետության չգոյության պայմաններում Ռափայել Պատկանյանը հարց է բարձրացրել, որ պետք է ունենալ գրադարաններ։ Դա ժողովրդին այլ ազգերի հետ ձուլումից պաշտպանելու, լեզուն պահպանելուն միտված կարևոր քայլերից է եղել։ Այս ժողովածուով ուզում ենք ցույց տալ, որ մեր ժողովրդի համար եղել են ավելի դժվար ժամանակներ։ Այսօր կա որոշակի խարիսխ՝ դա մեր պետությունն է։ Պատկերացրեք՝ եղել են նույնատիպ ժամանակներ, երբ մենք չենք ունեցել ոչ մի խարիսխ, և այդ պայմաններում ժողովրդի միասնական լինելը, գաղափարախոսությունը, մտավոր ուժի դրսևորումները լուրջ խնդիրներ էին, որոնց անդրադարձել են բոլոր գրողները»,-ընդգծում է գրականագետը։
Շատ մեծ ուսումնասիրություն է կատարվել։ Գիրքը սկսվում է Խորենացու տեքստով և ավարտվում է ժամանակակից գրող Ներսես Աթաբեկյանի բանաստեղծությամբ։ Դրանք գրքի բացառություններն են։ Մյուս հեղինակներին ընտրել են՝ սկսած Խաչատուր Աբովյանից մինչև Հրանտ Մաթևոսյան։ Որոշակի շրջափուլերում են նրանց փորձել դիտարկել։ Անդրադարձել են Րաֆֆուն, Ստեփանոս Նազարյանցին, Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, ընդգրկել են հեղինակների, որոնց շատերը գուցե քաջածանոթ չեն՝ Հակոբ Օշական, Նիկողոս Սարաֆյան, Ավետիս Ահարոնյան, Վազգեն Շուշանյան։
«Հեղինակների ընտրությունը պայմանավորված է եղել ոչ թե մեր քմայքով, այլ այդ գրողների կատարած դերով։ Նրանք իրենց գրողական շրջանակի, մեր ժողովրդի տարբեր խավերի համար հեղինակություն են եղել, նրանց խոսքը լսելի էր, ազդեցիկ։ Օրինակ՝ Շահան Շահնուրը կամ Ռուբեն Զարդարյանն արևմտյան իրականության մեջ։ Նրանք իրենց ոչ գեղարվեստական տեքստերում հայ ժողովրդի հետ կապված խնդիրներն են արծարծել և ոչ պատահաբար։ Դա կազմել է նրանց գաղափարախոսության ու գործունեության կարևոր մասը»,-ասում է Նիկողոսյանն ու հավելում՝ գրողները հայ ժողովրդի ողբերգության պատճառներից են համարում կրթության պակասն ու օր առաջ կրթության գործին լծվելն անհրաժեշտություն համարում։
Նիկողոսյանին գրքում հատկապես գրավում են քննադատական հատվածները, քանի որ ուղղորդում են նայել մեր ներսը, հասկանալ՝ ով ենք մենք, ինչ թերություններ ունենք և լծվել այդ թերությունների վերացման գործին։ «Իմ ամենասիրելի տողն ասել է Շահան Շահնուրը. «Դուն, հայ լակոտ, դու ամենեն շուտը կփոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի»։ Սա շատերի նուրբ զգայարաններին կարող է դիպչել, ժամանակին դիպչել է. պատահական չէ, որ Շահան Շահնուրն կյանքն անցկացրեց ծերանոցներում։ Նա չկարողացավ մեր գրականության համար անել այն, ինչին ունակ էր, բայց նման դառը խոսքեր են, որ մեզ կարող են մղել սթափության ու ճգնաժամը հաղթահարելուն։ Րաֆֆին ևս կարող է դաժան լինել, սակայն նա գիտի դառը խոսքերը նուրբ մատուցելու արվեստը։ Շահնուրն ուղիղ էր ասում»,-ընդգծում է գրականագետը։
Նիկողոսյանը վստահեցնում է՝ անգամ հայ գրականության գիտակը «Դեպի աղբյուրը լույսի» գիրքն ընթերցելիս կարող է նորովի բացահայտել հայ մեծերին։ «Գուցե գրքում ընդգրկված մտքերն առանձին-առանձին շատերին են ծանոթ, բայց համախումբն իր թիրախով նորովի կարող է ընկալվել»,- եզրափակում է նա։
Ժողովածուն կոչել են «Դեպի աղբյուրը լույսի»՝ Դանիել Վարուժանի հայտնի խոսքով։ Այն ուղիղ և փոխաբերական իմաստով կապված է Shtigen Group-ի գործունեության հետ։ Ուղիղ, որովհետև Shtigen Group-ը գործունեություն է ծավալում վերականգնող էներգետիկայի ոլորտում, իսկ էներգետիկան և լույսը փոխկապակցված են, իսկ անուղղակի իմաստով՝ փրկության ճանապարհը, ճգնաժամից դուրս գալու լավագույն ուղին լույսն է։ Գրքի շապիկին հեղինակների անուններն են՝ Խորենացուց մինչև արդի հայ գրողներ։
Գիրքն այսուհետ հնարավոր է ձեռք բերել գրախանութներից․ հասույթը կուղղվի Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերին։